Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Մոսկվայում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստին:
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես՝ անվտանգությանն ու կայունությանն ուղղված աճող սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման բնագավառում:
Նիստի մասնակիցներն ամփոփել են ԱՊՀ շրջանակում բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդատվությունների 2018 թվականի ծրագրի իրականացումը և հաստատել 2019-ի ծրագիրը:
Հավանության է արժանացել Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների Հայտարարության նախագիծը, որում հաստատվում է ԱՊՀ երկրների` միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հավատարմությունը, ընդգծվում է Երկրորդ աշխարհամարտի վերջում՝ 1945-ին ստեղծված ՄԱԿ-ի համընդհանուր և միջկառավարական բնույթը, կազմակերպության հատուկ պատասխանատվությունը խաղաղության պահպանման և նոր գլոբալ հակամարտությունների կանխարգելման գործում:
Հաստատվել են ԱՊՀ պետությունների՝ Հիմնարար հետազոտությունների բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր:
Նախարարները քննարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը:
Նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Աշգաբատում: