Մատչելիության հղումներ

Փաշինյանի մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականներից մեկին առնչվող քրեական գործը Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղ փաստաթղթերը կստանան միայն երկուշաբթի։ Դեռևս չեն հայտնում, թե գործը վարչապետի որ կամ ինչ ոլորտում աշխատող ազգականին է առնչվում։

«Նախաքննություն է իրականացվում, այս պահին մանրամասներ չեմ կարող հաղորդել։ Քրեական գործը հարուցվել է երեկ՝ կեղծ փաստաթղթերին առնչվող հոդվածով, արդեն ուղարկվել է Քննչական կոմիտե», - այսօր ճեպազրույցում լրագողներին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր էջում երեկ ուշ երեկոյան տեղեկացրել էր, որ իր ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ։

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով։ Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- գրել է Փաշինյանը:

Արդեն այսօր նույն թեմայի վերաբերյալ վարչապետը մեկ այլ գրառմամբ հանդես եկավ. -
«Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է: Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»։

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե մասնավորապես ինչ մտահոգություններ է ցրում վարչապետն այսօրվա գրառմամբ։

«Խոսքն այն մասին է, որ ամեն ինչ եղել է օրինականության սահմանում, այսինքն՝ վարչապետը ցուցումը տվել է իրեն ենթակա մարմիններից մեկին։ Միգուցե լրատվամիջոցներում եղել են անհանգստություններ, և դրանք փարատելու համար է գրել վարչապետը»», - «Ազատությանը» ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչել, թե որևէ մեկին ձերբակալելու ցուցում կարող է տալ դատախազը և ոչ թե վարչապետը, Կարապետյանն արձագանքեց. - «Վարչապետը պարզապես հստակեցրել է իր գործողությունների օրինական դաշտում լինելու հանգամանքը»։

Օրվա ընթացքում ավելի վաղ Ազգային ժողովում լրագրողները հարց էին ուղղել Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանին՝ արդյոք վարչապետը կարո՞ղ է ցուցում տալ քրեական գործ հարուցելու։

«Քրեական դատավարության մասին օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին, բայց ես մանրամասներին ծանոթ չեմ, խնդրում եմ մեկնաբանություն խնդրեք վարչապետի գրասենյակից», - արձագանքել էր Թաթոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG