Մատչելիության հղումներ

2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում գործունեությունը դադարեցրած սփյուռքահայը պատրաստ է նոր ներդրումային ծրագիր իրականացնել


Սփյուռքահայ գործարար Սերժ Ղարիբյան

2018 թվականի ընթացքում Հայաստանում 254 միլիոն դոլարի ուղղակի ներդրումներ են իրականացվել։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, օտարերկրյա ներդրումներն ավելացել են, սակայն՝ ոչ զգալի։ Ուղղակի ներդրումների աճը 2018-ին 4,5 միլիոն դոլար է եղել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համոզմամբ՝ անմիջապես հեղափոխությունից հետո ներդումների բում ակնկալելն այնքան էլ տրամաբանական չէ, քանի որ տևական ժամանակ գործարարները փորձում են հասկանալ՝ գործադիրի տնտեսական քաղաքականությունը։

«Քաղաքական հեղափոխությունը ավարտվել է ընդամենը դեկտեմբերին 9-ին, և 2-3 ամիս հետո, դեռևս տնտեսական բարեփոխումները չավարտած, երբ Հարկային, Մաքսային օրենսգրքերը դեռևս փոփոխության չեն ենթարկվել՝ ակնկալել, որ պետք է մեծ ներդրում լինեն, լուրջ չի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բագրատյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ևս հասատում են, որ նաև 2019-ի 3 ամիսներին դեռ ներդումների բում չի արձանագրվել:
Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանի խոսքով՝ հետաքրքրությունն ավելի է մեծացել։ 80 նոր ներդումային ծրագիր կա արդեն։ Հաշվել են՝ դրանց մի մասն ընդհանուր 1 միլիարդ դոլար արժողությամբ է:

«Իրատեսական, ավելի կարճ ժամկետում իրականություն դարձող ծրագրերը, որոնք արդեն, սկզբնական աշխատանքներն իրականացվել են, դրանք շուրջ 40-ն են», - հավելեց Լալայանը։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում հայտարարեց, որ 2019-ի 3 ամսում 146 միլիոն դոլար արժողությամբ 13 ներդրումային ծրագիր է հաստատվել։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ասում են, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ավելի շատ հետաքրքրում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրոպայի ներդրողներին։ Դրանց գրեթե կեսից ավելին հենց Սփյուռքից է։ Իսկ ներդողների միայն հեղափոխությունը Հայաստան չի բերել։

«Ներդրողների կողմից նշվում է նաև այդ հանգամանքը, իհարկե: Նշվում է նաև մեր մնացած հնարավորությունների հանգամանքը, մեր ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Եվրամիության հետ լավ հարաբերությունները, տնտեսական հնարավորությունները», - նշեց Վահագն Լալայանը:

Իսկ Սփյուռքի նախարարի պարտականություններն իրականացնող Բաբկեն Տեր-Գրիգորյանն այս առնչությամբ ասաց․ - «Միանշանակ սփյուռքի կողմից հետաքրքրությունն ավելացել է: Բայց ես կուզենայի շեշտը դնել ոչ միայն ներդրումների վրա: Եթե մենք խոսում ենք տնտեսական զարգացման վերաբերյալ՝ գլոբալ առումով, սփյուռքն այստեղ դեր ունի կատարելու ոչ թե միայն ֆինանսական տեսանկյունից, այլև մարդկային տեսանկյունից։ Սփյուռքը էստեղ կարող է մեծ աջակից լինել մարդկային ներուժով, գիտական ներուժով, մասնագիտական ներուժով: Ցանկացած ներդրում իր հետ բերում է նաև մենեջմենթի հմտություններ, նոր գաղափարներ, նոր կապեր օտարերկրյա գործընկերների հետ»:

Նրա խոսքով, Սփյուռքից բազմաթիվ ներդումային ծրագրերի են ծանոթանում նախարարությունում, սակայն դրանց ոչ մեծ մասն է իրականություն դառնում․ - «Կան մարդիկ, ովքեր գալիս են գաղափարներ են ներկայացնում, կան մարդիկ, ովքեր գալիս են և որպես փաթեթ՝ ներդումային ծրագիր են ներկայացնում»։

Վահագն Լալայանի տեղեկացմամբ՝ ներդրողները հետաքրքրություններ ունեն տարբեր ոլորտներում․ - «Հիմնականում մշակող արդյունաբերություն, էներգետիկա․․․ ՏՏ ոլորտում կան, առողջապահության, ենթակառուցվածքների ոլորտներում կան»։

Սփյուռքից Հայաստան ժամանած, օրերս վարչապետ Փաշինյանի հետ հանդիպած ներդող Սերժ Ղարիբյանը Հայաստանում նպատակ ունի մի քանի ոլորտներում ներդրումներ իրականացնել։

Գործարարն ասում է, որ հեղափոխությունից հետո է ցանկությունն առաջացել․ - «Հայաստանում ունեցել ենք անցյալում բավականաչափ ներդրումներ: Դադարեցրեցինք 2010-ից մինչև այսօր։ Եվ նորեն տեսնում ենք հեղափոխությունից հետո որոշ վստահությունները ավելի տեսնում ենք, զգալի ենք տեսնում»:

Նախորդ իշխանությունների ժամանակ Հայաստանում ներդումներ արած գործարարը ներդումները կիսատ էր թողել, քանի որ, ասում է, իր վստահությունն էր պակասել․ - «Շինարարությամբ ենք զբաղվել անցյալում Միացյալ Նահանգներում, Հայաստանում: Ունենք քաղաքաշինություն, որը 184 սեփական տներ են Ձորաղբյուրում և էդի դադարեցրեցինք առաջին հերթին 2008-ի մարտի 1-ի հետո»:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լատինական Ամերիկայում ու Աֆրիկայում ներդրումային ծրագրեր իրականացնող Ղարիբյաններն այժմ նաև Հայաստանում են ուզում շարունակել իրենց կիսատ թողած գործն ու նոր ծրագրեր իրականացնել մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

Սփյուռքահայ ներդողներն իրենց ներդումային ծրագիրը նաև Ազգային ժողովում ու Սփյուռքի նախարարությունում են ներկայացրել, ծրագրի ընդհանուր արեքը, ըստ նախնական տվյալների, 700 միլիոն դոլար է։

XS
SM
MD
LG