Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախպարար, «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին հանդիպել է Ֆրանսիայի ազգային կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին:
Սալվինին ասել է, որ կազմակերպելու է Եվրոպայի ազգայնական և աջակողմյան գործիչների մեծ հավաք, որի ընթացքում կքննարկվի մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին պատրաստվելու հարցը:
Սալվինին ցանկանում է ստեղծել ներգաղթը մերժող ուժերի միավորում, որը պետք է պայքարի ձախակողմյան կամ կենտրոնամետ ավանդական կուսակցությունների դեմ:
Մարին Լը Պենն ասել է, որ ազգային կուսակցությունը կմասնակցի այդ հավաքին:
Սալվինին ցանկանում է մասնակիցների թվում տեսնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, Լեհաստանի ազգայնական լիդեր Յարոսլավ Կաչինսկուն և աջակողմյան այլ կուսակցությունների ղեկավարներին:
«Դա կլինի Եվրոպայում ամենակարևոր հավաքն առաջիկա 30 տարիների համար, մենք ուզում ենք հրավիրել եվրոպական բոլոր ուժերին, որոնք պատրաստ են մարտահրավեր նետել սոցիալիստներին և Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, Իտալիայում կհանդիպեն եվրոպական 15-20 երկրների ներկայացուցիչներ»,- ասել է Սալվինին:
Նրա առաջարկած հավաքը տեղի կունենա հաջորդ շաբաթ Միլանում: Եվրախորհրդարանի ընտրությունները կանցկացվեն մայիսի 23-26-ը: