Մատչելիության հղումներ

Հյուսնունց․ Մենք ծայրահեղ դժվար վիճակում ենք՝ «անհարիր պետական նվագախմբի համար»


Արմեն Հյուսնունց

Մեկ տարի առաջ Հայաստանի պետական ջազ նվագախումբը վարձակալեց Ճարտարապետների միության դահլիճը, որտեղ այս երեկո տեղի կունենա առաջին համերգը՝ ամերիկացի անվանի ջազմեն Ջեմի Դեյվիի մասնակցությամբ:

Նա այս առավոտ է Հայաստան ժամանել և կեսօրին կայացած փորձից հետո մեր զրույցի ընթացքում ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում, հոգնած է, բայց երջանիկ:

Ասաց, նաև, որ շատ հայ ջազմեն ընկերներ ունի թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ռուսաստանում: Հավելեց, որ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ աշխատանքից անչափ տպավորված է․ այսօր առաջին անգամ է լսել նվագախմբի կատարումները՝ դրանք որակելով ֆանտաստիկ:

Ամերիկացի այս նշանավոր ջազմենի հյուրախաղերը Հայաստանում հնարավոր են դարձել ռուսական «Էսսե» ջազ նվագախմբի ղեկավար Հրանտ Խանջյանի հետ համագործակցության շնորհիվ:

Հայաստանի պետական ջազ նվագախումբն արդեն 10 տարի ղեկավարող Արմեն Հյուսնունցը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսուհետ նման ջազ համերգներ կազմակերպելու են ամեն ամիս․ - «Անշուշտ մենք կունենանք այդպիսի պարբերականություն: Այս դահլիճը, որ տարիներ շարունակ ծառայել է կամ չի ծառայել տարբեր, բայց ոչ երաժշտական միջոցառումների․․․ բայց ունենք հոյակապ դահլիճ քաղաքի կենտրոնում, տարողունակ՝ մոտավորապես 300 մարդ: Այս չափի նման ակուստիկայով դահլիճ քաղաքի կենտրոնում չունենք, և ուզում ենք, որ դառնա երաժշտական մշակութային օջախներից մեկը: Եվ որպես սկիզբ մեր այդ պարբերականության, մենք այսօր ունենք այսպիսի փառահեղ հյուր, ջազ երգիչ, ավանդական ջազը ներկայացնող: Հուսանք, որ կհաջողվի ունենալ և պահպանել այդ պարբերականությունը»:

Հարցին, թե ինչ հիմնախնդիր ունի նվագախումբը, Հյուսնունցը պատասխանեց․ - «Նվագախումբը հիմնախնդիրների մեջ է՝ գլոբալ և ծանր: Դժվար է մեր կացությունը: Մենք պետական ենք, բայց․․․ ճգնաժամային դժվար է, ծայրահեղ դժվար է: Բայց հույս ունենք, որ ինչ-որ կերպ կփորձենք հաղթահարել այդ դժվարությունները: Բայց ծայրահեղ դժվար վիճակում ենք՝ անհարիր պետական նվագախմբի համար: Պետական մարմինները տեղյակ են, ինչ-որ մակարդակի վրա, բայց քայլեր դեռ չեն ձեռնարկվել: Հուսանք, որ կձեռնարկվեն, որովհետև եթե չլինեն քայլեր, ուղղակի պիտի հրաժարվենք: Ես անձամբ ցավով պիտի ստիպված լինեմ հրաժարվել նման կերպ շարունակելու աշխատանքը, որովհետև լիարժեք աշխատանք այսպես հնարավոր չի անել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG