Մատչելիության հղումներ

Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներն առաջընթացի հույս են տալիս. Մոգերինի


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, թե Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներն առաջընթացի հույս են տալիս:

«Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումը պոզիտիվ էր», - ասել է նա:

Մոգերինիի խոսքով՝ Վիեննայի հանդիպումը, հունվարին փարիզյան համաձայնությունները, բարձր մակարդակի շփումները, հրադադարի ռեժիմի խախտումների զգալի կրճատումը՝ «որոշ հույս է տալիս, որ գործընթացը կարող է առաջ շարժվել և որ երկու երկրները կպահպանեն հանձնառությունները և բանակցությունները կվարեն առանց նախապայմանների»:

Ֆեդերիկա Մոգերինին այս մասին ասել է ապրիլի 4-ին՝ Բրյուսելում, ԵՄ-Ադրբեջան ասոցացման խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում:

Մոսկվայում, ղարաբաղյան խնդրին ու Վիեննայի հանդիպմանն է անդրադարձել նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ասել է, թե Մոսկվան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Բաքվին և Երևանին՝ իրականացնելու Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կողմերին աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կենցեպցիայում դասվում է կարևոր առաջնահերթությունների թվին: Այս հանգամանքը հատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, մեծացնում ուշադրությունն արդյունքների վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ աշխատում ենք սերտ համագործակցությամբ», - ասել է Զախարովան:

Անդրադառնալով Հայաստանի քաղաքական ղեկավարության փոփոխությանը՝ Զախարովան նշել է, թե դա «Հայաստանի ներքին գործն է»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներով բանակցային գործընթացն ընթանում է: Կողմերը մտադրություն են ցուցաբերում շարունակելու աշխատանքն՝ ուղղված հասնելու խաղաղ կարգավորմանը», - ընդգծել է նա:

Զախարովայի խոսքով՝ այդ տրամադրություններն արձանագրված են նաև Ալիևի և Փաշինյանի միջև անցած շաբաթ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունում։

«Ողջունում ենք կառուցողական մոտեցումը, որը գերակշռում էր բանակցություններում: Կողմերին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք, որպեսզի կյանքի կոչենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը՝ միաժամանակ հավելելով, որ ինչպես բազմիցս նշել են համանախագահ երկրների նախագահները՝ «հակամարտությունը վերջացնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներքաշված կողմերի վրա»:

«Դրա [կարգավորման] հիմքը կա: Գլխավորը քաղաքական կամք ցուցաբերելն է», - ասել է Զախարովան:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ադրբեջանական ONA գործակալությանն ապրիլի 4-ին հարցազրույց է տվել՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի կապակցությամբ։

Հարցազրույցի տեքստը տեղադրված է նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG