Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քիչ անց մեկնարկող նիստում քննարկելու է խորհրդարանի փոխնախագահներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած օրենագիծը՝ «2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժած` կյանքին կամ առողջությանը վնաս հասցված անձանց փոխհատուցում տրամադրելու մասին»:
Նախագիծը դրամական փոխհատուցում է նախատեսում տասը զոհերի հարազատներին, ինչպես նաև միջին, ծանր և առանձնապես ծանր վնասվածք ստացած քաղաքացիներին:
Գումարի չափը, հատուցման կարգն ու պայմանները, սակայն, սահմանվելու են Կառավարության կողմից:
Օրենքի հեղինակները հիմնավորման մեջ նշել են, թե 2008-ին Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել մարդկանց կյանքի իրավունքը, ուստի հիմա, երբ քայլեր են ձեռնարկվում հանրային համերաշխության հաստատման, անցումային արդարադատության միջոցով խախտված իրավունքների վերականգնման համար, այս օրենքով սահմանվող հատուցումը ևս մի քայլ է ուղղված այդ նպատակների իրականացմանը:
2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: