Մատչելիության հղումներ

Ըստ պաշտոնյաների՝ գնի բարձրացման պատճառը գազի միջին խտության փոփոխությունն է


Գազալցակայանների հաշվիչ սարքերի չափման միավորը Կառավարության առաջարկած օրենքի փոփոխությունից հետո խորանարդ մետրից կիլոգրամ կդառնա:

Մինչ այդ «Գազպրոմ Արմենիան» մեծացրել է ԱԳԼՃԿ-ներին տրամադրվող սեղմված գազի միջին խտությունը, իսկ որոշ գազալցակայաններում այդ փաստը չեն ֆիքսել հաշվիչ սարքերում, ինչի պատճառով վարորդներն ավելի շատ գումար են վճարում նույն ծավալով գազի դիմաց:

Գազալցակայանների հարցը քննարկվել է նաև Կառավարության նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանից պարզաբանումներ պահանջեց, թե ինչով են պայմանավորված գազի գնի թանկացման մասին խոսակցությունները:

«Խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի միջին խտությունը վերջին տարիներին եղել է 7,1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդից» գազի միջին խտությունը գալիս է 7,9-ով, այսինքն՝ աճել է: Հետևաբար տնտեսվարողները իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը որ չեն արել», - պատասխանեց Կոտոլյանը:

Նրա վստահեցմամբ, իրենք ոլորտում աշխատող բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել են, որ ամեն օր պետք է փոփոխություն կատարեն իրենց բաշխիչ աշտարակներում, մուտքագրեն գազի միջին խտության ճշգրիտ ցուցանիշը՝ «որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավել գումար վճարել»:

Նա դեռ փետրվարին կառավարությանն առաջարկել էր գազի վաճառքն իրականացնել կիլոգրամներով՝ խտության հետ կապված այսպիսի խնդիրներից խուսափելու համար: Օրենքը դեռ չի ընդունվել, Ազգային ժողովը չի քննարկել այն։

Վարչապետը Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե հնարավոր է, որ գազալցակայանների սեփականատերերը, կառավարության ստվերի դեմ պայքարը հաշվի առնելով, այսպիսի գործողություններով փորձում են որոշակի դժգոհություն հարուցել հանրության շրջանում:

Անանյանի արձագանքը․ - «Խտության ցուցմունքը մարդկային գործոնով է պայմանավորված, այսինքն ամեն առավոտ համակարգիչ մուտք է արվում խտության գործակից: Եվ տարիներ շարունակ, մենք այդպիսի տեսակետ ունենք (որը ճշգրտման կարիք ունի), որ այդ գործակիցը տասնորդականների ճշգրտության կամ փոփոխության պարագայում կարող էր ապահովել որոշակի ծավալների փոփոխություն»:

Վարչապետի վերլուծությամբ, մինչդեռ, խնդիրն այլ տեղում է․ - «Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են։ Բոլորին ուզում եմ զգուշացնել վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան»:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որն իր մագիստոսական թեզը պաշտպանել է ԱԳԼՃԿ-ների թեմայով, չի հասկանում, թե ինչու է վարչապետը գազի հարցը կապում օլիգարխների հետ․ - «Տիրապետելով գազի շուկային, կարող եմ ասել, որ կախված տարածաշրջանից, այն բավականաչափ մրցակցային է․․․ մեկը կարող է որոշել խաբել վարորդին, բայց մնացածները, ի հաշիվ նրա, որ պարկեշտ տնտեսվարում իրականացնեն, կարող են ձեռք բերել մեծ շուկա»:

Խաժակյանի կարծիքով, մեղավորներ փնտրելու փոխարեն կառավարությունը պետք է լուծի խնդիրը, իսկ խնդիրն այն է, որ ի սկզբանե «Գազմպրոմ Արմենիան» գազալցակայաններին գազը ծավալով է մատուցվում, և օրենքի ընդունման դեպքում էլ իրավիճակը չի փոխվի․ - «Բաշխիչ աշտարակները, որոնք տեղադրված են այնտեղ, դրանք այնպիսի սարքավորումներ են, որոնք հաշվարկը կատարում են ըստ կիլոգրամի, և այդ տրամաբանությունը ճիշտն է: Բայց հաշվի առնելով, որ «Գազպրոմը» գազը վաճառում է ԱԳԼՃԿ-ներին ոչ ըստ կիլոգրամների, առաջանում է խնդիր: Եվ այդ պայմանականորեն ասած կորուստների դիմաց վճաորւմ է և՛ ԱԳԼՃԿ-ն, և՛ քաղաքացին»:

Խնդրի վերջնական լուծման համար, ըստ Խաժակյանի, «Գազպրոմի» տրամադրած սեղմված գազը նույնպես պետք է կիլոգրամներով հաշվարկվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG