Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներին


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի վարչապետը կարևորում է Երևան-Բուխարեստ նոր ավիաչվերթի գործարկումը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօր՝ ընդունելով Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական միջխորհրդարանական խմբի համանախագահ Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին ու Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների կարևորագույն նպատակներից մեկը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր մակարդակ և օրակարգ ձևավորելն է, որպեսզի հայրենիքն ու Սփյուռքը գործեն միասնական օրակարգով։

Վարչապետն ընդգծել է, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունեն սփյուռքահայերի հետ հանդիպումները, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվում քննարկել հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է՝ Վարուժան Ոսկանյանը նշել է, որ մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին: Նա վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հաջողությամբ կիրականացնի ստանձնած առաքելությունը: Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատագամավորը նշել է, որ տեղի հայ համայնքը ևս պատրաստ է իր նպաստը բերել հայրենիքի զարգացմանը տարբեր ոլորտներում, և այդ նպատակով Հայաստանի կառավարության հետ ցանկանում են լինել մշտական կապի և քննարկումների մեջ: Ոսկանյանն անդրադարձել է Ռումինիայի հայ համայնքի գործունեությանը և վստահություն հայտնել, որ այն կարող է մեծ դեր խաղալ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման ու ընդլայնման գործում:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի, մասնավորապես, գրականության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG