Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյը Եվրամիությանը կխնդրի հետաձգել «Բրեքզիթը»


Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը և պահպանողականների ղեկավար, վարչապետ Թերեզա Մեյը, արխիվ, Լոնդոն:
Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը և պահպանողականների ղեկավար, վարչապետ Թերեզա Մեյը, արխիվ, Լոնդոն:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Համայնքների տունը, սոսկ մեկ ձայնի տարբերությամբ երեկ վարչապետ Թերեզա Մեյին լիազորել է «Բրեքզիթը» որոշ ժամանակով հետաձգելու խնդրանքով դիմել Եվրոպական միությանը: Որոշումն ընդունվել է 312 կողմ, 311 դեմ քվեների հարաբերակցությամբ:

Այն հաստատել է նաև վերին պալատը՝ Լորդերի տունը: Որոշումը դեռ պետք է վավերացնի նաև թագուհի Եղիսաբեթ Երկրոդը, սակայն դա սոսկ ֆորմալ հանգամանք է, քանի որ վերջին անգամ միապետը խորհրդարանի որոշումը մերժել է 18-րդ դարում՝ թագուհի Աննայի օրոք:

Երբ որոշումը պաշտոնապես վավերացվի, վարչապետ Մեյը պետք է հաջորդ օրը նշի «Բրեքզիթի» նոր ժամկետը, դրանից հետո խորհրդարանը պետք է հաստատի նաև այդ ժամկետը և նոր միայն վարչապետը պետք է «Բրեքզիթը» հետաձգելու պաշտոնական դիմում փոխանցի Եվրամիությանը:

Ենթադրվում է, որ Բրյուսելը կընդառաջի՝ հուսալով, որ բրիտանացի օրենսդիրներն ի վերջո կհամաձայնեցնեն «Բրեքզիթի» հարցով մի նոր փաթեթ:

Եթե որևէ տարբերակ չհամաձայնեցվի, ապրիլի 12-ից կմեկնարկի կոշտ «Բրեքզիթը»՝ թագավորությունը դուրս կգա Եվրամիության կազմից առանց պայմանագրի, և հենց այդ պահից Լոնդոնի ու Բրյուսելի հարաբերություններում ի հայտ կգան քաղաքական, տնտեսական և իրավական անհաշիվ խնդիրներ:

Վարչապետ Մեյը, ով իշխող Պահպանողական կուսակցության լիդերն է, երեկ բանակցել է ընդդիմադիր լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինի հետ: Ակնհայտ է, որ առաջիկայում իշխող և ընդդիմադիր կուսակցությունները կփորձեն ինչ-որ միացյալ փաստաթուղթ կազմել:

Սակայն դա բնավ չի նշանակում, թե այն կընդունվի: Իշխող պահպանողականներից շատերի կարծիքով, վարչապետը հանուն իշխանության անընդունելի զիջումների է գնում:

Ինքը վարչաապետն ասել է, թե պատրաստ է հեռանալ՝ պայմանով, որ «Բրեքզիթի» փաթեթն ընդունվի:

Մեյը մշտապես պնդել է, որ Բրիտանիան պետք է լքի Եվրամիության միացյալ շուկան և մասքային միությունը և ինքնուրույն վարի տնտեսական գործունեությունը:

Լեյբորիստներին զիջելով մաքսային միության հարցում՝ Մեյն ընդդիմության աջակցությունը կստանա, սակայն դրան զուգահեռ կարող է կորցնել իր կուսակիցների քվեները:

«Բրեքզիթի» կողմնակից նախարարները կարող են դուրս գալ կառավարությունից, ինչն է՛լ ավելի կբորբոքի Բրիտանիայի քաղաքական ճգնաժամը:

Մինչդեռ, Բրյուսելում սպասում են, թե ի վերջո ինչ կորոշեն Լոնդոնում: Կա ևս մեկ հանգամանք՝ մայիսի 23-ից 26-ը Եվրամիության երկրներում նախատեսված են Եվրախորհրդարանի ընտրությունները:

Եթե մինչև այդ «Բրեքզիթն» արդեն սկսվի՝ բրիտանացիներն այլևս չեն քվեարկի, բայց եթե անորոշություն լինի, Բրիտանիան պարտավոր կլինի քաղաքացիների համար ապահովել ընտրելոու հնարավորությունը:

Այդ թեմային երեկ անդրադարձել է «Բրեքզիթի» հարցով Բրիտանիայի նախարար Սթիվեն Բարքլայը՝ նշելով, թե որքան կարևոր է համաձայնեցնել ԵՄ-ից դուրս գալու փաստաթուղթը:

«Համայնքների տան բոլոր անդամները պետք է գիտակցեն, որ մարդիկ կկորցեն վստահությունը քաղաքականության նկատմամբ, եթե նրանց առաջարկեն ընտրել մի կազմակերպություն, որից մենք հետո պետք է դուրս գանք: Սակայն եթե պալատը չհաստատի համաձայնությունը, Բրիտանիան այդ ընտրություններին չմասնակցելու երաշքիք չի ունենա», - ասել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG