Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան դեմոկրատական ճամբարը պաշտոնապես պահանջել է Հարկային ծառայությունից հրապարակել վերջին վեց տարում նախագահ Թրամփի ստացած եկամուտների հայտարարագրերը:
Դիմումը ստորագրել է խորհրդարանի ազդեցիկ հանձնաժողովներից մեկի ղեկավար, դեմոկրատ Ռիչարդ Նիլը՝ պնդելով, թե ուզում է ստուգել՝ արդյո՞ք հարկայինը հավուր պատշաճի է կատարում իր պարտականությունները:
Ինքը՝ նախագահ Թրամփը հայտարարել է, թե չի պատրաստվում հրապարակել իր եկամուտների հայտարարագիրը: Դոնալդ Թրամփը, ի դեպ, այդ փաստաթղթերը չի հանրայնացրել նաև նախընտրական արշավի ժամանակ, թեև Նիքսոնից հետո ամերիկյան բոլոր նախագահները գնացել են դրան:
Փորձագետներից շատերը կարծում են, որ այս քայլով դեմոկրատները փորձում են նոր զենքով համալրել իրենց զինանոցը՝ Դոնալդ Թրամփի հետ պայքարում, արդյունքում դիմումը կարող է դառնալ նոր և տևական դատական վիճաբանության առիթ՝ դեմոկրատական ճամբարի ու Սպիտակ տան միջև: