Մատչելիության հղումներ

Ռուսների մեկ հինգերորդը չունի կոյուղի


Գյուղ Ռուսաստանում
Գյուղ Ռուսաստանում

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժնի փոխանցմամբ, Ռուսաստանի բնակիչների ավելի քան 22 տոկոսի համար կենտրոնացված կոյուղին մատչելի չէ: Այդ մասին հայտնել է պետական վիճակագրության դաշնային ծառայությունը՝ Росстат-ը:

Ի դեպ, այդ կառույցը հավաստիացնում է, որ իրավիճակը որոշ չափով նույնիսկ բարելավվել է, քանի որ 2016 թվականին կոյուղի չուներ բնակիչների 23.6 տոկոսը:

Ռուսաստանի բնակիչների 16.3 տոկոսն օգտվում է աղբահորերից, իսկ 6 տոկոսն ընդհանրապես չունի կոյուղի:

Գյուղերի բնակիչների 66 տոկոսը չունի կենտրոնացված կոյուղի: Քաղաքների բնակիչներն ավելի լավ պայմաններում են ապրում՝ քաղաքներում կենտրոնացված կոյուղի չունի բնակիչների 9-ը տոկոսը:

Կենսական նշանակության այդ ծառայությունից զրկվածների շրջանում ամենամեծ թիվը՝ 41 տոկոս, կազմում են 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդ որում, այդ ընտանիքների 11 տոկոսն ընդհանրապես չունի որևէ տեսակի կոյուղի:

Росстат-ը հետազոտությունն անցկացրել է 2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի բոլոր շրջաններում:

Այս տարվա հունվարին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն «Ռուսաստանի իշխանության խայտառակությունն» է անվանել այն, որ երկրի ավելի քան 3 հազար դպրոցներում չկան ջեռուցվող զուգարաններ:

2019-ի փետրվարին նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանին հասցեագրված ամենամյա ուղերձում պահանջել է մինչև 2021 թվականը բոլոր դպրոցներն ապահովել կոյուղու համակարգերով:

Ուշագրավ հետազոտություն է անցկացրել նաև Gallup կենտրոնը: 2018 թվականին արձանագրվել է բնակչության թվի նվազում՝ դա առաջին նման մտահոգիչ միտումն է անցած տասնամյակում, քանի որ դրան նախորդող տարիներին Կրեմլը հպարտությամբ հայտարարել է ժողովրդագրական վիճակի բարելավման մասին:

2014 թվականի հետազոտման համեմատությամբ առնվազն 3 անգամ աճել է Ռուսաստանից արտասահման տեղափոխվելու ցանկություն հայտնած մարդկանց թիվը:

Այստեղ կան տարիքային խմբերին առնչվող հետաքրքիր նրբություններ՝ 15-ից 29 տարեկանների շրջանում արտագաղթելու ցանկություն հայտնողների թիվը 14 տոկոսից հասել է 44 տոկոսի:

30-ից 35 տարեկանների շրջանում արտասահման մեկնելու ցանկացողների թիվը 7 տոկոսից հասել է 22 տոկոսի, իսկ 46-ից 60 տարեկանների շրջանում այն 3 տոկոսից հասել է 9 տոկոսի:

Կոյուղու և արտագաղթի թեմաներով այդ երկու տարբեր հետազոտություններն, իհարկե, կապված չեն, բայց դրանց արդյունքներն առնվազն խորհրդանշական առումով ունեն որոշակի աղերսներ միմյանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG