Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Պրահայում ուսումնասիրում է հասարակական տրանսպորտի համակարգը


Երևանի քաղաքապետարանը պատվիրակություն է ուղարկել Չեխիա՝ Պրահայի տրանսպորտային համակարգը տեղում ուսումնասիրելու ու համագործակցության եզրեր գտնելու համար։

«Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - հայտարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ամփոփելով չեխական այցի արդյունքները՝ շարունակելով․ - «Պատվիրակության կազմում քաղաքի տրանսպորտի կառավարման և տրանսպորտային բարեփոխումների հարցերով անմիջապես զբաղվող մասնագետները և պաշտոնյաներն էին»:

Հարցին, թե արդյոք ավագանու ընտրություններից ու քաղաքապետի փոփոխությունից ավելի քան կես տարի անց նոր են սկսել ուսումնասիրել այլ քաղաքների տրանսպորտային համակարգերը, և արդյոք պատրաստ է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք պատվիրված խորհրդատվությունը, որի համար վճարվել էր մոտ մեկ միլիոն դոլար, քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանեց․ - «Որևէ բան զրոյից չի սկսվում: Նախորդ տարիներին պատվիրված այդ խորհրդատվական ծառայության հիման վրա է արվում: Ուղղակի քանի որ այդ համակարգի ներդրման պատասխանատուն գործող իշխանությունն է, գործող իշխանությունը ուզում է վստահ լինել, որ դա արվում է ամուր հիմքերի վրա, և որ քաղաքը գնում է այն ճանապարհով, որով որ պետք է»:

Կարապետյանի խոսքով՝ բարեփոխումների հիմքում կլինի բրիտանական WYG խորհրդատվական ընկերության իրականցված ուսումնասիրությունը: Հենց այդ ընկերությունն էր առանձնացրել Պրահայի օրինակելի փորձը, որտեղ ուղևորափոխադրումն իրականացվում է մետրոյի, տրամվայների ու ավտոբուսների միջոցով․ - «Հիմա արդեն ծրագրի վերջնական հաստատման և իմպլեմենտացիայի փուլ է մտնում քաղաքը: 2019-ի ընթացքում 107 փոխադրամիջոց՝ երթուղային տաքսիներ, «Գազելներ» դուրս կգան: Մյուս տարվա ընթացքում արդեն ակնկալվում է, որ շուրջ 450-ը դուրս կգան»:

Քաղաքային իշխանությունն ասում է, որ առնվազն ևս մեկ ու կես տարի է հարկավոր տրանսպորտային նոր համակարգ ներդնելու համար: Մյուս կողմից, մայրաքաղաքի մաշված ավտոբուսների ու երթուղայինների մի մասն արդեն շարքից դուրս եկած է. եթե անգամ սարքին են ու դեռ շարժվում են, կոտրված են ապակիները, պատռված աթոռները, ուղևորներն էլ հաճախ կանգնած են երթևեկում։

«Քաղաքի իշխանությունը գնում է այն ուղղությամբ, որպեսզի այդ դուրս եկող շարժակազմերը փոխարինվեն այլ մակարդակի շարժակազմով և այն երթուղիներում, որոնք համապատասխանելու են նոր տրանսպորտային համակարգին: Իրավիճակային լուծումն արվելու է էնպիսին, որ նաև մաս դառնա նոր տրանսպորտային համակարգի», - փոխանցեց Կարապետյանը:

Ուղևորահոսքերն արդեն ուսումնասիրած, այժմ ավտոբուս արտադրող առաջատար ընկերությունների հետ ակտիվ բանակցող ու Եվրոպայի քաղաքների լավագույն փորձն ուսումնասիրող քաղաքապետարանում, սակայն, դեռ չունեն գլխավոր հարցի պատասխանը. ֆինանսական ի՞նչ միջոցներով են ներդնելու նոր տրասնպորտային համակարգը։

Հակոբ Կարապետյան․ - «Քաղաքի իշխանությունը հակված չէ միանգամից վարկային միջոցներ ներգրավելու, դրա համար փնտրվում են այլ տարբերակներ այդ հարցը լուծելու համար»:

Երևանի Ավան համայնքի բնակիչ, քաղաքային տրանսպորտից ամեն օր օգտվող Նորայր Սահակյանը իր ավտոբուսին է սպասում արդեն ավելի քան 15 րոպե, ասում է երեկոյան երբեմն ստիպված է լինում 30-40 րոպե սպասել: Նա ասում է, որ պատրաստ է վճարել 100 դրամից ավելի՝ եթե վստահ լինի որ վճարած գումարը, ինչպես նաև հարկերը չեն մսխվում։

Բացի այդ, ըստ Երևանի բնակչի, մեքենաները պետք է սարքին լինեն, իսկ վարորդները՝ առողջ և սթափ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG