Մատչելիության հղումներ

Վանեցյան․ «Իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը խնդրում եմ իրար հետ մի կապեք»


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր շեշտեց, որ մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, վարչապետի աշխատակազմում զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն:

Լրագրողների հետ զրույցում հարցին՝«Ձեր մորը որ աշխատանքից ազատեցին, դա գնահատում են շատերը, որ քայլ էր Ձեր դեմ, Դո՞ւք ինչպես եք գնահատում, և ազատեցի՞ն, թե՞ ինքը իր դիմումի համաձայն դուրս եկավ», Վանեցյանը պատասխանեց․ - «Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում, և այնտեղ պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն: Բայց ես չեմ ուզում դա քննարկեմ, որովհետև վարչապետի որոշումները առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն»:

Հիշեցմանը՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ասել է, թե երեք պաշտոնյաները, այդ թվում՝ Մարգարիտ Ազարյանը, աշխատանքից ազատվել են վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելու պատճառով, ԱԱԾ տնօրենն արձագանքեց․ - «Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը ես որևէ ձև մեկնաբանելու ցանկություն չունեմ, և ինչ ասվել է՝ ասվել է»:

«Եվ եկեք այս գործընթացը մի անձնավորեք: Մայրս աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ որ ես անգամ եղել եմ դպրոցական, իմ մայրը շարունակել է աշխատել պետական համակարգում այն ժամանակ, երբ ես արդեն իսկ նշանակվել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, և իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը խնդրում եմ իրար հետ մի կապեք», - հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից Մարգարիտ Ազարյանին ազատելու մասին որոշման մեջ, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ապրիլի 2-ին, ասված է․ - «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում քաղծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից նշված է անձնական դիմումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG