Մատչելիության հղումներ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք. ՔԿ


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի՝ Հայաստանի պետական սահմանով մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 30-ին` ժամը 17:40-ին, Կապան քաղաքի բնակիչը՝ ծնված 1961 թվականին, զուգագուլպաների արանքում տեղավորելու եղանակով պահել, փոխադրել և «Ագարակ» հսկիչ անցագրային կետով ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է անհայտ անձից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով` 27 գրամ ընդհանուր քաշով 180 հաբ «Pregabalin 150» տեսակի, 9 գրամ ընդհանուր քաշով 60 հաբ «Pregasol 150», «Pregabalin» տեսակի և 2 գրամ ընդհանուր քաշով 10 հաբ «Tramadol» տեսակի թմրամիջոցներ», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ մարտի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նախաքննությունը կատարվում է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ «թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», և 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG