Մատչելիության հղումներ

«Ծաղրածու». Զելենսկու հասցեին քննադատությունը չի մարում


Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Վլադիմիր Զելենսկի, արխիվ

«Այո՛, ինձ ծաղրածու են անվանում, ես ծաղրածու եմ՝ արհեստավարժ ծաղրածու, և ես դրանով շատ հպարտ եմ», - ասում է նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարը։

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար, կատակերգու դերասան 41-ամյա Վլադիմիր Զելենսկու հասցեին քննադատությունը չի մարում:

Օրենսդիր և գործադիր մարմիններում նա երբեք որևէ պաշտոն չի զբաղեցրել:

Ընդդիմադիրները նրան հաճախ հեգնում են, անվանում ծաղրածու։ Զելենսկին, իր հերթին, չի հակադարձում։

«Այո՛, ինձ ծաղրածու են անվանում, ես ծաղրածու եմ՝ արհեստավարժ ծաղրածու, և ես դրանով շատ հպարտ եմ։ Սա, սակայն, չի խանգարի նույն հաջողությամբ ղեկավարել նաև 40-միլիոնանոց երկիրը», - ասել է նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարը։

Զելենսկին ու թիմակիցները հիշեցնում են, որ նախադեպեր եղել են, ուկրաինացի կատակերգուն միակը չէ, ով բեմից քաղաքական դաշտ է տեղափոխվել:

Ֆրանսիացի հայտնի ծաղրածու Միշել Կոլուչին դեռևս 1980 թվականին հայտարարել է Ելիսեյան պալատը ղեկավարելու մտադրության մասին՝ իր այդ քայլը բացատրելով երկրում ստեղծված քաղաքական անընդունելի իրավիճակով:

«Նրանք մեզ ապուշի տեղ են դրել, ուրեմն՝ քվեարկենք ապուշների օգտին», - հայտարարում էր Կոլուչին կամ Կոլյուշը, ով հումորը դարձրել էր իր քարոզարշավի հիմնական զենքը:

«Մեկը բոլորի համար, իսկ այդ բոլորը սրիկաներ են», - այսպես էր նա նկարագրում քաղաքական գործիչների աշխարհը:

Ամիսներ տևած բուռն քարոզարշավից հետո, Կոլուչիի ընդդիմախոսներին ու թիմակիցներին կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում հաջողվում է ստիպել նրան հանել թեկնածությունը, թեև այդ պահին նրա օգտին պատրաստ էր քվեարկել ֆրանսիացիների 16 տոկոսը՝ հատկապես մտավորականությունը:

Գվատեմալայի ներկայիս առաջնորդը նախագահական աթոռին հասնելու համար ընդամենը 4 տարի է պայքարել: Մինչ այդ Ջիմի Մորալեսը շուրջ տասնհինգ տարի երգիծական հաղորդումներ էր վարում կենտրոնամերիկյան այդ երկրում, որը համարվում է ամենաաղքատը տարածաշրջանում՝ 2015 թվականի տվյալներով բնակչության 73 տոկոսն աղքատության եզրին էր:

«Ո՛չ կոռումպացված, ո՛չ գող»՝ այսպիսին էր Մորալեսի քաղաքական կարգախոսը։ Փորձառու դերասանի՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղողի կերպարը, սակայն, դադարեց համոզիչ լինել՝ մերձավորների մասնակցությամբ մեկը մյուսին հաջորդած աղմկահարույց սկանդալների պատճառով:

Եվրամիության անդամ Սլովենիան ղեկավարում է 41-ամյա Մարյան Շարեցը: Սլովենացիների շրջանում նա հայտնի է դարձել իր մարմնավորած կերպարի` կյանքից դժգոհ Իվան Սերպենտինշեկի շնորհիվ, ով ասում էր այն, ինչ մտածում էր, ատում էր բյուրոկրատիան, իսկ սեփական հումորները գնահատում էր միայն ինքը:

Մինչ Սլովենիայի վարչապետ դառնալը Շարեցը հասցրել է մարմնավորել նաև Ֆիդել Կաստրոյի, Ուսամա Բին Լադենի կերպարները։

Շարեցին համարում են նախկին Հարավսլավիայի անդամ այդ երկրում քաղաքական սերնդափոխության հիմնաքար:

Սլովենիան թեև ամենազարգացածն ու ամենահարուստն է տարածաշրջանում, համարվում է Բալկանյան Շվեյցարիա, վերջին տարիներին, սակայն, չէր հաջողվում հաղթահարել տնտեսական ճգնաժամը, և այդ ֆոնին նվազում էր քաղաքական գործիչների նկատմամբ վստահությունը:

Ստանալով ընդդիմադիր ու դժգոհ ընտրազանգվածի, երիտասարդների քվեները՝ անցյալ տարվա հունիսին Շարեցն անցավ խորհրդարան և գլխավորեց կոալիցիոն կառավարությունը:

Բեպպե Գրիլոն՝ իտալական իշխող ուժի՝«Հինգ աստղ»-ի 70-ամյա առաջնորդը վաստակավոր դերասան է: Հակաեվրոպական, պոպուլիստական, ազգայնական կարգախոսներով քաղաքական դաշտ մտած Գրիլոյի առաջնորդած ուժը, որը պայքարում է Եվրամիությունից դուրս գալու, փախստականների առջև դռները փակելու համար, խառնել է իտալական ավանդական կուսակցությունների խաղաքարտերը:

Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների մեծամասնությունը՝ աջակողմյան այդ ուժը երկրի վարչապետ է առաջադրում Լուիջի դի Մայոյին, ով չունի բարձրագույն կրթություն և քաղաքական գործունեությունից առաջ որևէ տեղ պաշտոնապես չի աշխատել:

Ինքը՝ դերասանը դատվածության պատճառով չի կարող որևէ պետական պաշտոն զբաղեցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG