Մատչելիության հղումներ

Անցումային արդարադատությունը չի կարող լինել հաշվեհարդարի գործիք, սա լինելու է հաշտեցման միջոց. Զեյնալյան


«Կալանքի իրավակիրառական պրակտիկայի ակնհայտ բարելավում ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ միևնույն ժամանակ նշելով՝ այն չեն կարող համարել սահմանադրական և կոնվենցիոն նորմերին մաքսիմալ բավարարող։

Նրա խոսքով՝ այսօր դատարանները շատ ավելի համարձակ են մերժում կալանքի միջնորդությունները կամ ճանաչում ձերբակալման ոչ-իրավաչափությունը։

«Պետք է տարանջատել կալանքի հիմքերը, և եթե կալանքի հիմքերը բավարար են և իրավաչափ են, ապա պետք է գնահատել նաև հետևյալն՝ արդյո՞ք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատությանը։ Սրանք պետք է տարանջատել իրարից։ Օրենսդրորեն կար սահմանափակում, որ կալանավորն ազատ արձակվի առողջական վիճակով պայմանավորված։ Մենք նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություններ, որպեսզի այդ արգելքը վերացվի, սակայն գործնականորեն նաև դա կիրառվում է։ Հիմա ես որքան տեղյակ եմ, իրականացվում է փորձաքննություն՝ ճշտելու համար՝ արդյո՞ք հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները, թե՞՝ ոչ», - ասաց արդարադատության նախարարը:

Հարցին, թե անցումային արդարադատությունն ի՞նչ փուլում է, այն նախաձեռնությունը, որ Կառավարությունը քննարկում է, որ գույքը վերադարձնեն, բայց դատական վճիռներ չլինեն, եթե ապօրինի են հարստացել, կամ ձեռք բերել, դա որքանո՞վ է համապատասխանում մարդու իրավունքների կոնցեպցիային կամ ազատություններին, Զեյնալյանը պատասխանեց. - «Խոսքը վերաբերում է առանց դատավճռի բռնագանձմանը։ Վերնագիրը կարող է շփոթություն առաջացնել և առաջին հայացքից կոնֆլիկտ առաջացնի անմեղության կանխավարկածի հետ, սակայն ավելի բովանդակային առումով սա վերաբերում է ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված գույքին։ Հայաստանը միացել է միջազգային պայմանագրերի, որոնցով ստանձնել է պարտավորություն իր օրենսդրության մեջ մտցնելու սրանք։ Սա Հայաստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների շարքում է, և մեր Կառավարությունը չի, որ դրան միացել է, մենք էլ կմիանայինք դրան, եթե միացած չլիներ Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա խումբ է ստեղծված վարչապետի որոշմամբ, որտեղ մշակվում է այդ օրենքը, դա վերաբերում է անօրինական ճանապարհով ձեռք բերված սեփականությանը, գույքին։ Ասենք՝ անձը մահացել է, և դա քաղաքացիական իրավական հարաբերությունների տրամաբանությամբ կարող է դառնալ քննարկման առարկա դատարաններում»։

Զեյնալյանը նշեց, որ անցումային արդարադատության հարցն Ազգային ժողովի տիրույթում է, Արդարադատության նախարարությունում իրականացվել են հետազոտություններ, ուսումնասիրություններ, և այդ նյութերը տրամադրվել են Ազգային ժողովին։

«Դրա ողջ նյութը տրամադրվել է Ազգային ժողովին, կան տարբեր մոդելներ, տարբեր իրավիճակների համար տարբեր լուծումներ կարող են լինել, այստեղ ունիվերսալ լուծում չկա, և ես հերթական անգամ ուզում եմ հիշեցնել, որ սա չի կարող լինել հաշվեհարդարի գործիք, սա լինելու է հաշտեցման միջոց և հասարակության մեջ ապահովելու է այդ հաշտությունը և բոլոր տեսակի կապերի ընդհատումն այդ անցյալի հետ: Սա կարծում եմ, որ ունենալու է արտադատական իրավական պաշտպանության միջոցի կարգավիճակ», - ասաց Զեյնալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG