Մատչելիության հղումներ

Առաջին եռամսյակում շուրջ 25 տոկոսով ավելի հարկ ու տուրք է հավաքագրվել


Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կոմիտեն հավաքվել է 57,4 միլիարդ դրամով ավելի շատ հարկ ու տուրք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Այս տարվա առաջին երեք ամիսներին նախատեսված է եղել հավաքել 285,1 միլիարդ դրամ, բայց պետբյուջե է մուտքագրվել 296,5 միլիարդ դրամ: 2018-ի հունվար-մարտ ժամանակահատվածում՝ թավշյա հեղափոխությանը նախորդած ամիսներին, ՊԵԿ-ը կարողացել էր հավաքել նկատելիորեն քիչ գումար՝ 239,2 միլիրադ դրամ:

«2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, հարկային եկամուտները ավել են 55,5 միլիարդով կամ 32,8 տոկոսով, մաքսային եկամուտները՝ 2,8 միլիարդով կամ 4,1 տոկոսով, և ընդամենը 57,3 միլիարդ կամ 24,7 տոկոս», - մանրամասնեց Անանյանը:

Թե նախորդ տարվա առաջին երեք ամիսներին համեմատ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ինչպես է հաջողվել 24,7 տոկոսով ավելի շատ հարկ ու տուրք հավաքել՝ Դավիթ Անանյանը բացատրեց հիմնականում ստվերային տնտեսության կրճատմամբ և ավելի քիչ տնտեսական աճի շնորհիվ:

Նախորդ տարի երկիրը փակել է 5,2 տոկոս տնտեսական աճով, իսկ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5 տոկոս․ - «Տնտեսական աճ չունենք, այո, չունենք: Կամ տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ այնքան չի, որ ապահովեր այս տպավորիչ [տվյալները]: Ավելի շատ ես սրան կասեի, որ սա համատեղ աշխատանքի արդյունք է, ստվերի կրճատման հաշվին: Ընդ որում, սկսած նախորդ տարվա կեսերից, ինչպես մեր աշխատանքի շնորհիվ, նաև իրավագիտակցության բարձրացման շնորհիվ․․․ ստվերի կրճատումը համատեղ գործունեություն է, երբ որ հարկ վճարողները, նաև մեր հորդորներին անսալով, իրենք են վերահայտարարագրում կամ հայտարարագրում շատ ավելի ճշգրիտ շրջանառություններ, հարկման բազաներ, հետևաբար նաև հարկեր»:

Ողջ 2019 թվականի ընթացքում ծրագրված է հավաքել 1 տրիլիոն 401 միլիարդ դրամ հարկ ու տուրք, որը 7,2 տոկոսով ավելի շատ է 2018 թվականի մուտքերից (1 տրիլիոն 306 միլիարդ դրամ):

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, այս թվերը ցույց են տալիս, որ նախկին իշխանությունների օրոք ահռելի գումարներ են թաքցվել պետբյուջեից, և ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ ներկայիս կառավարության ջանքերն արդեն իսկ տալիս են իրենց արդյունքը․ - «Երբ որ նայում եք, թե ինչի հաշվին է տեղի ունեցել էդ հարկերի ավել հավաքագրումը, դրանք հիմնականում երկու հարկատեսակների գծով են՝ ավելացված արժեքի և եկամտահարկի: Եկամտահարկինը առավել ևս հուշում է, որ իրականում այն քաղաքականությունը, որ այն փիլիսոփայությունը որով առաջնորդվում է գործող կառավարությունը, որը նշանակում է բոլորին հավասար հնարավորություններ, բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք, ստվերայնության նվազում, կոռուպցիայի դեմ պայքար, սա իր ազդեցությունն արդեն թողնում է»:

Վահագն Խաչատրյան
Վահագն Խաչատրյան



Միևնույն ժամանակ տնտեսագետը կարծիք հայտնեց, թե հետագա տարիներին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ավելի ու ավելի դժվար է լինելու հարկերի ու մաքսերի հավաքման նման աճ ապահովել՝ եթե Հայաստանը տնտեսականմ աճ չապրի․ - «Այն ռեսուրսները, որոնք պետք է հավաքագրվեին ստվերի կրճատման հաշվին, ադրեն մոտենում են իրենց հնարավորությունների մաքսիմումին, և պետք է իհարկե մտածել տնտեսական աճի մասին: Եվ այդ տնտեսական աճի առումով էլ պետք է շատ հստակ ու կոնկրետ մեսիջներ ուղղել գործարարներին, թե որ բնագավառներում կառավարությունը ինչպիսի մոտեցում է ցուցաբերում, ինչ ակնկալիքներ, սպասելիքներ ունի»:

Վերադառնալով ՊԵԿ նախագահի այսօրվա ասուլիսին՝ առանձնացնենք ևս մեկ թիվ․ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում 20 միլիոն 710 հազար հատ ավելի շատ ՀԴՄ կտրոն է տպվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Գումարային արտահայտությամբ այդ կտրոնները կազմել են 55,1 միլիարդ դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG