Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ ներդրողները վարչապետին են ներկայացրել ծրագրեր տարբեր ոլորտներում


Հայաստանի դիրքերը ներդրողների շրջանում գնալով ամրապնդվում են, և դա լավ հնարավորություն է նոր ներդրումներ ներգրավելու: Այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը իր գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ արտերկրից մոտ ժամանակներս պատրաստվում են Հայաստան ժամանել ներդրողների նոր խմբեր, որոնք շահագրգռված են գործարար միջավայրի բարելավման պայմաններում երկրում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ ներդրողները Փաշինյանին են ներկայացրել էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնց շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ողջունում է գործարարների նախաձեռնությունները և պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը: Վարչապետն առաջարկել է նաև, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ծանոթանալ կառավարության ներկայացրած ներդրումային փաթեթներին և հնարավորության դեպքում մասնակցել դրանց մրցույթներին:

Ներդրողները նշել են, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը, և համոզմունք են հայտնել, որ դրանք կնպաստեն ոչ միայն արտասահմանցի ներդրողների ներգրավմանը, այլև հայրենիքում սփյուռքահայ գործարարների ներուժի համախմբմանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG