Մատչելիության հղումներ

«ՄՏՍ»-ը մտադիր է ընդլայնել Հայաստանում գործունեության շրջանակը


Հայաստանի կառավարության նպատակը ներդրումային դաշտի թափանցիկության բարձրացումն է և բիզնես-կառավարություն համագործակցության նոր մշակույթի ներդրումը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ռուսաստանյան «ՄՏՍ» խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյայի և փոխնախագահ Անդրեյ Սմելկովի հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Փաշինյանը կարևորել է «ՄՏՍ»-ի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը և նորարարական տեխնոլոգիաների տարածմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է համարում թվային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացումը՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր:

«Մենք շահագրգռված ենք, որ բիզնեսը հնարավորինս հաջողի և ավելի շատ հարկեր վճարի, հարստանա և հարստացնի», - ասել է կառավարության ղեկավարը:

Ալեքսեյ Կոռնյան գոհունակություն է հայտնել Հայաստանում իր գլխավորած ընկերության ծրագրերի ընթացքի, ինչպես նաև Հայաստանի կառավարության, մասնավորապես Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ փոխգործակցության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ «ՄՏՍ»-ը, հաշվի առնելով հայաստանյան շուկայի առավելությունները ՏՏ ոլորտում, մտադիր է ընդլայնել Հայաստանում գործունեության շրջանակը և նոր ծրագրեր իրականացնել նաև թվային շուկայի զարգացման, ծրագրային ապահովման, սպասարկման ոլորտներում: Կոռնյան նշել է, որ «ՄՏՍ» խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ իր նպաստը բերելով ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է «ՄՏՍ»-ի՝ ներդրումների ծավալն ավելացնելու մտադրությունը և վերահաստատել արդյունավետ համագործակցությունը շարունակելու կառավարության պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հեռահաղորդակցության շուկայի զարգացման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավման, կորպորատիվ պատասխանատվության շրջանակում և այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG