Մատչելիության հղումներ

Ավագանու անդամ․ Վերջին 5 տարիներին Վանաձորում սպանվել է 10 հազարից ավելի շուն


Վանաձորի ավագանու անդամ Անահիտ Կարապետյան
Վանաձորի ավագանու անդամ Անահիտ Կարապետյան

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անահիտ Կարապետյանը դիմել է ոստիկանություն՝ կանխելու բնակելի տարածքում թափառող շներին վերացնելու նպատակով զենքի կիրառումը, ինչն արգելվում է օրենքով։

Շների սպանդ իրականացնելու մասին քաղաքապետարանի ծանուցումից հետո, որպես կենդանասեր անհանգստացել է կենդանիների համար, մյուս կողմից, որպես ավագանու անդամ կասկածներ ունի, որ համայնքի բյուջեից ամեն տարի շներին ոչնչացնելու նպատակով հատկացվող չորս միլիոն դրամն անարդյունավետ է օգտագործվում․ - «2396 շուն մեկ տարվա ընթացքում է վնասազերծվել, հետո վնասեզերծվել է 2208 շուն․․․ տարիներ շարունակ Վանաձորում և մյուս համայնքներում ևս օրենքի է խախտվել և զենքի կիրառմամբ իրականացվել է այս ամբողջ պրոցեսը»:

Վանաձորում յուրաքանչյուր շուն ոչնչացնելու համար տարբեր տարիների բյուջեից հատկացվել է 2-3 հազար դրամ։ Ավագանու անդամի հաշվարկներով, վերջին 5 տարիներին Վանաձորում սպանվել է 10 հազարից ավելի շուն։ Նրանք, ըստ սպանդն իրականացնող ընկերությունների հետ քաղաքապետարանի կնքած պայմանագրերի, պետք է թաղվեին Արջուտի աղբավայրում։

Մինչդեռ ավագանու անդամն ասում է, որ ուսումնասիրել և աղբավայրում շների գերեզմանոց չի հայտնաբերել․ - «Ստացվում է, որ կամ այս թվերը, որոնք թղթաբանորեն հստակ սահմանված են, չեն համապատասխանում իրականությանը, կամ գուցե շներին հենց աղբավայրի կենտրոնական հատվածում աղբի հետ են խառնել: Համենայն դեպս, եթե մենք նայում ենք վիճակագրությունը, որ տասը հազար և ավելի շուն է վնասազերծվել, անհնար է ինչ-որ տեղ այդ հիմքը չգտնել»:

Այս տարի Վանաձորում թափառող շներին վերացնելու համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթել և այդ իրավունքը ձեռք է բերել «Թամարա Հակոբյան» անհատ ձեռներեցը։ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այս ձեռներեցի մասին որևէ տվյալ չկա։ Այս տարի Վանաձորում 2000 շուն ոչնչացնելու գործառույթ ստանձնած ձեռներեցի մասին միակ տեղեկությունը, որ հնարավոր եղավ ստանալ այն է, որ նա 2015 թվականին դիմել է Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոն՝ մատուցողի և հավաքարարի թափուր աշխատատեղի մասին հայտարարությամբ։

Ըստ քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի, Թամարա Հակոբյանի գործունեության վայրն իր առանձնատունն է, որը Վանաձորի կենտրոնում է գտնվում։ Անհատ ձեռներեցն ինքն է ստորագրել բոլոր պայմանագրերն ու աշխատանքների կատարման մասին ակտերը, բայց «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ կապ չունի թափառող շների վնասազերծման ծրագրի հետ․ - «Զբաղվում ա իմ ծանոթը անհատ ձեռներեցով․․․ հիմնականում ինքն ա զբաղվում, իմ բարեկամն ա․․․ Ուղղակի իմ անհատ ձեռներեցով ա ձևակերպված: Ձեր համարը տվեք, ես ամեն ինչ ասեմ, որ Ձեզ հետ կապվեմ, խոսամ»:

Այդպես էլ որևէ մեկը չկապվեց մեզ հետ։

Պայմանագրի կողմ հանդիսացող քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Կարեն Պառավյանն ասաց, որ քաղաքապետարանը, հաշվի առնելով կենդանասերների բողոքները, ժամանակավորապես դադարեցրել է թափառող շներին վերացնելու գործողությունները։

Ինչ վերաբերում է մրցույթում հաղթած անհատ ձեռներեց Թամարա Հակոբյանին, ապա պաշտոնյան կասկածի տակ չառավ սրճարանային բիզնես ծավալած ձեռներեցի հետ կնքված պայմանագրի օրինականությունը։

Պառավյանը չզարմացավ, որ Թամարա Հակոբյանը կատարված աշխատանքների մասին տեղյակ չէ․ - «Տվյալ առարկայի գնման համար չի պահանջվում նախորդում փորձառություն: Ով ստորագրում է պայմանագիրը, պատասխանատվությունը կրում է նա»:

Քարաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հակոբ Միկոյանը պայքարում է, որ թափառող շների խնդիրը կրակելու միջոցով լուծելու փոխարեն Վանաձորում սկսեն ստերջացնել հավատարիմ այս կենդանիներին։ Ասում է, որ կամավորների թիմ է ստեղծել, ովքեր պատրաստ են անվճար հավաքել շներին և տեղափոխել հատուկ առանձնացված վայրեր՝ պետության վրա թողնելով միայն նրանց անվտանգ եղանակով վնասազերծելու գործը։

«Ընդհանրապես թանկ հաճույք ա ստերջացնելը, եթե համեմատենք կրակելու հետ, որը ավելի համ դաժան և ավելի էժան է նստում: Բայց կարծում եմ, եթե տեղին օգտագործվի բյուջեն, ոչ թե տրվի անհայտ կազմակերպությունների և չիմանանք, թե էդ բյուջեն ոնց բաշխվեց, այդ դեպքում կարող ենք գոնե մի տարվա կտրվածքով ահագին էգ շներ ստերջացնենք, և նման ձևով խնդիրը ինչ-որ չափ լուծում կստանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG