Մատչելիության հղումներ

Դեռևս չունենք վստահություն վայելող դատական իշխանություն. իրավապաշտպան


Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ

«Դեռևս չունենք վստահություն վայելող դատական իշխանություն, և հետհեղափոխական Հայաստանում այդ խնդրի համակարգային լուծումները պետք է լինեն օրակարգային», - ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Այս վերջին դեպքերը, նկատի ունեմ դատավորի ձերբակալումը և կալանավորումը կոռուպցիոն հանցագործության մասին, վկայում է, որ դատական իշխանությունը պետք է իրապես փրկել։ Հակառակ պարագայում, ես ձեզ վստահեցնում եմ՝ ամենաբարձր լեգիտիմության, շարունակական լեգիտիմություն ունեցող Ազգային ժողովի և գործադիր իշխանություն առկայության պարագայում, եթե չի լինելու դատական իշխանության նկատմամբ վստահություն, այսինքն լեգիտիմ դատական իշխանություն, ձախողված են և կձախողվեն բոլոր բարեփոխումները», - նշեց Սաքունցը։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը համակարծիք է իրավապաշտպանի այն տեսակետին, որ ոլորտում համակարգային լուծումներ են անհրաժեշտ:

«Ավելին ասեմ: Վարչապետը անցած տարի օգոստոս ամսին ներկայացրեց, որ պետք է կիրառել անցումային արդարադատության գործիքակազմերից: Այդ գործիքակազմերի մի մասը վերաբերում է դատական համակարգի [նկատմամբ] վստահության բարձրացմանը: Կարծում եմ, որ Ազգային ժողովում պետք է ձևավորվի մի աշխատանքային խումբ, որն էլ կզբաղվի էդ հարցով: Ընդ որում, այդ աշխատանքային խմբի մեջ պետք է ներգրավվեն ոչ միայն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, այլ նաև արտախորհրդարանական ուժերը, ինչպես նաև պետք է ներկայացված լինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բաղդասարյանը:

Քաղհասարակությունը դատաիրավական համակարգում առաջարկում է զտում իրականացնել:

Արթուր Սաքունց․ - «Առանց զտման հնարավոր չէ մենք քայլ կատարենք։ Զտման վերաբերյալ պետք է լինի քաղաքական որոշում, և քաղաքական կամքի ցուցիչը այդ քաղաքական որոշումն է, որ, այո, պետք է այդ զտումը արվի, որովհետև հնարավոր չէ շարունակել, երբ իրապես տեսնում ենք փաստերը։ Պատժողական մոտեցմամբ բարեփոխում չի կարող լինել, մենք չենք կարող անընդհատ մարդկանց բռնել կաշառքի կամ բանի վրա, որ անընդհատ․․․ չի լինելու։ Պետք է սիստեմը փոխել էնպես, որպեսզի կաշառքի կամ նման հետևից ընկնելու միտումից հրաժարվենք և սկսենք վստահել, վերջին հաշվով»։

Արձագանքելով Սաքունցին՝ Բաղդասարյանն ասաց․ - «Կաշառք վերցնող դատավորները, որոնք կատարել են հանցագործություն, պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց դատական համակարգում պետք է անցկացվի դայթինգի մեխանիզմը, որը թարգմանաբար կոչվում է զտում, սակայն դրա վերաբերյալ պետք է ընդունվի համապատասխան իրավական ակտը Ազգային ժողովի կողմից՝ օրենքը, և այդ օրենքի հիման վրա իրականացվի այդ գործընթացը: Այդ գործընթացը, իմ անձնական տեսակետն է, որ պարտադիր է: Առանց այդ գործընթացի մենք չենք ունենա հեղինակություն վայելող դատական համակարգ: Դատական համակարգի կարևոր չափանիշն է, որ հասարակությունը վստահի դատական համակարգին: Բայց մենք անցյալում ունեցել ենք մի իրավիճակ, որ նույն դատական համակարգի ներկայացուցիչները արդարադատությունը արժեքներից վերածել էին ապրանքի և հանել էին «աճուրդի»՝ ով թանկ կվճարի արդարադատության համար, նրան էլ կհասնի էդ արդարադատությունը: Այ սա պետք է անցումային արդարադատությունը ուղղի»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը անդրադարձավ հակակոռուպցիոն պայքարին։ Նրա խոսքով՝ թեև ներկայիս հակակոռուպցիոն գործընթացներում առաջընթաց կա, սակայն իրենք դեռ որոշ մտահոգություններ ունեն։ Համակարգային մոտեցումներ իրականացնելու համար պետք է հստակ նպատակներ դրվեն, թե կառավարությունն ինչի է ուզում հասնել։

«Մենք, որպես հասարակական կազմակերպություն, առաջարկում ենք, որ պետք է կառավարությունը իր առաջ դնի, և մենք ուզում ենք տեսնել էս փոփոխությունները: Որ կոռումպացված անձանց պատժելիությունը անխուսափելի լինի, սա ինչ-որ չափով պրոցեսի մեջ է: Լինի հանրային բացարձակ անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Կրկին որոշ չափով ընթացքի մեջ է, էսպես ասենք: Կառավարման բոլոր մակարդակներում լինի թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծում: Էստեղ մենք, կարծում եմ, շատ անելիք ունենք, իշխանության բոլոր ճյուղերում հայեցողական որոշումների հնարավորությունները առավելագույնս սահմանափակվեն և վերահսկողությունը ուժեղացվի և հնարավորություն ընձեռվի հանրային վերահսկողության համար: Կոռուպցիան կանխարգելելու և բացահայտելու համար իրավասու կառույցների համար առկա լինեն պատշաճ ռեսուրսներ, զարգանան կարողությունները և ապահովվի պատշաճ գործիքակազմ: Եվ լինի հանրության լայն ներգրավում: Կարծում ենք, այս նպատակներին հասնելու համար բավականին շատ անելիքներ ունի կառավարությունը», - ասաց Սոնա Այվազյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG