Մատչելիության հղումներ

Դատարանն անփոփոխ է թողել բեմադրիչ Սերեբրենիկովի խափանման միջոցը


Բեմադրիչ Կիրիլ Սերեբրենիկովը ժամանել է Մեսչանսկի շրջանի դատարան, Մոսկվա, 28 մարտի, 2019թ.
Բեմադրիչ Կիրիլ Սերեբրենիկովը ժամանել է Մեսչանսկի շրջանի դատարան, Մոսկվա, 28 մարտի, 2019թ.

Մոսկվայի Մեսչանսկի շրջանի դատարանն անփոփոխ է թողել կոռուպցիայի մեջ մեղադրվող բեմադրիչ Կիրիլ Սերեբրենիկովի և ևս երկու մեղադրյալների տնային կալանքի խափանման միջոցը:

Սերեբրենիկովը, պրոդյուսեր Յուրի Իտինը և մշակույթի նախարարության նախկին պաշտոնյա Սոֆիա Ապֆելբաումը պնդում են, որ ներկայացված մեղադրանքի հիմքում քաղաքական շարժառիթներ են:

Ամբաստանյալները մտադիր են բողոքարկել Մեսչանսկի դատարանի որոշումը:

Չորրորդ ամբաստանյալ պրոդյուսեր Ալեքսեյ Մալոբդորսկու խափանման միջոցը ստորագրությամբ Մոսկվայից չհեռանալն է:

Սերեբրենիկովին 2017 թվականի օգոստոսին են ներկայացրել կոռուպցիայի մեղադրանքը:

Միջազգային համայնքը, անվանի արվեստագետներ և իրավապաշտպան կազմակերպություններ անհիմն են որակել մեղադրանքը և քննադատել են Ռուսաստանի իրավապահների այդ որոշումը՝ հայտարարելով, որ դատական ատյանները հետապնդում են նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս արվեստագետներին:

Սերեբրենիկովին մեղադրում են 2011-14 թվականներին «Յոթերորդ ստուդիա» մշակութային կենտրոնին պետության հատկացրած միջոցներից մոտ 68 միլիոն ռուբլի (ավելի քան 1 միլիոն դոլար) յուրացնելու մեջ: Սերեբրենիկովը և մնացած ամբաստանյալները մեղադրանքը «անհեթեթություն» են որակել:

Հինգերորդ ամբաստանյալը՝ հաշվապահ Նինա Մասլյաևան, ընդունել է մեղադրանքը և ցուցմունք է տվել մնացած ամբաստանյալների դեմ:

Սերեբրենիկովը բազմիցս քննադատել է Կրեմլի գործելակերպը և, մասնավորապես, մտահոգություն է հայտնել Ռուսաստանում Պուտինի նախագահության օրոք Ուղղափառ եկեղեցու հետզհետե աճող ազդեցության կապակցությամբ:

Չնայած տնային կալանքին, Սերեբրենիկովը շարունակում է աշխատել և հեռակա կարգով բեմադրել է մի պիես, որի պրեմիերան տեղի է ունեցել մարտին Համբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG