Մատչելիության հղումներ

Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով չեն հարկվի


Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 1-ը ապրիլի, 2019թ.

Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

«Լսելով ոլորտի տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներին ու նաև լրացուցիչ քննարկելով նրանց կողմից ներկայացված անհանգստությունները՝ մենք որոշել ենք այս պահին ձեռնպահ մնալ այդ նախաձեռնությունից։ Զովացուցիչ ըմպելիքները ակցիզային հարկով հարկելու կարգավորումը նախագծից դուրս է բերվել։ Այսինքն` Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել է առանց այդ կարգավորման», - ասաց Արման Պետրոսյանը։

Դժգոհությունների պատճառ էր դարձել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ տարադրամի փոխանակման կետերի համար՝ 3 միլիոն դրամ (50 հազար դրամի փոխարեն): Դրույքաչափերի մասով փոփոխություն նախագծում չի արվել, փոխարենը ժամկետներն են տեղափոխվել:

«Մենք առաջարկել ենք որոշակի փոխզիջումային տարբերակ այն առումով, որ միգուցե քննարկենք և առաջարկվող պետական տուրքի դրույքաչափերին հասնենք որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Բայց այս առաջարկությունը, ըստ էության, չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Այդուհանդերձ մի բարելավում կառավարությունը իր նախաձեռնությամբ կատարել է: Դա վերաբերում է հետևյալին․ նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերը ուժի մեջ են մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո, բայց Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված տարբերակում նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերը ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ից միայն», - նշեց Պետրոսյանը։

Փոխնախարարը այսօր ԱԺ-ում էր՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների և ՓՄՁ ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով: Չբացառեց, որ հանդիպման ընթացքում հնչած որոշ առաջարկներ ևս տեղ կգտնեն նախագծում, որն արդեն ուղարկված է Ազգային ժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG