Մատչելիության հղումներ

Բրիտանացի օրենսդիրները փորձում են հսկողության տակ վերցնել «Բրեքզիթը»


Բրիտանացի օրենսդիրների քննարկումները: Համայնքների պալատ, Լոնդոն, 29-ը մարտի, 2019թ.
Բրիտանացի օրենսդիրների քննարկումները: Համայնքների պալատ, Լոնդոն, 29-ը մարտի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն այսօր նորից կփորձի հսկողության տակ վերցնել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացը: Առաջին անգամ մարտի 27-ին տեղի ունեցավ մի այդպիսի ձախողված փորձ:

Օրենսդիրները քվեարկության են դնելու «Բրեքզիթի» հարցով պարտադիր ուժ չունեցող այլընտրանքային նախագծեր՝ նպատակ ունենալով դուրս բերել թագավորությունն այսօրվա փակուղային վիճակից:

Խորհրդարանը երեք անգամ մերժել է վարչապետ Թերեզա Մեյի փաթեթը, որը կառավարության ղեկավարը համառորեն որակում է իբրև «միակ ընդունելի նախագիծ»:

Մեյը նույնիսկ ասել է, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել՝ պայմանով, որ օրենսդիրներն ընդունեն «Բրեքզիթի» ծրագիրը:

Այսօր օրենսդիրները քվեարկության կդնեն 8 առաջարկ: Դրանք նախևառաջ առնչվում են թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի Հանրապետության սահմանին մաքսակետերի և անցակետերի տեղադրումը կանխելու, Եվրամիության մաքսային համաձայնագրի և միացյալ շուկայի թեմաներին:

Այլընտրանքային առաջարկների թվում կա նաև «Բրեքզիթը» գործնականում չեղարկելու տարբերակը: Խոսքը Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի մասին է, որին դիմում է Եվրոպական միությունից դուրս գալու նպատակ հայտնած երկիրը:

Եթե որևէ փաստաթուղթ միությունից դուրս գալու ժամկետին նախորդող օրվա դրությամբ չհամաձայնեցվի, կառավարությունը պետք է խորհրդարանին դիմի դուրս գալն առանց փաստաթղթի իրականացնելու թույլտվության համար, և եթե այն մերժվի՝ կառավարությունը պետք է չեղարկի 50-րդ հոդվածին դիմելը և, փաստորեն, հրաժարվի «Բրեքզիթից»:

Փորձագետների համոզմամբ, այսօր դժվար թե Համայնքների պալատը հավանություն տա այդ առաջարկին:

Ի դեպ, «Բրեքզիթը» չեղարկելու հանրային դիմումը ստորագրել է ավելի քան 6 միլիոն մարդ, իսկ «Բրեքզիթն» անպայման իրականացնելու պահանջով հանրային դիմումը ստորագրել է տասն անգամ քիչ թվով մարդ՝ 600 հազար:

Բայց Մեյի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ավարտին հասցնել «Բրեքզիթը», քանի որ «դա էր հանրաքվեով ժողովրդի հայտնած կամքը»:

Մեյը շատ դառնացած է արձագանքել անցած ուրբաթ օրն իր կազմած փաթեթը երրորդ անգամ մերժելու իրողությանը:

«Վախենամ, որ մենք հասել ենք մի սահմանի, որից այն կողմ այս գործընթացի [«Բրեքզիթի»] հնարավորությունները սպառվում են. այս խորհրդարանը մերժել է առանց գործարքի «Բրեքզիթը», բայց նաև մերժում է առաջարկվող բոլոր տարբերակները», - ասել է Մեյը:

Այսօրվա քննարկումները կավարտվեն ուշ երեկոյան, ինչից հետո նախատեսվում է քվեարկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG