Մատչելիության հղումներ

Ես որպես քաղաքացի համարում եմ, որ իմ պարտքը կատարել եմ. թավշյա հեղափոխության մասնակից


Սարգիս Խաչատրյանը 2018-ի թավշյա հեղափոխության օրերին աչքի է ընկել հատկապես այն թմբուկով, որը 10 տարուց ավելի օգտագործել է գրեթե բոլոր բողոքի ցույցերի ժամանակ։

«Ես որպես քաղաքացի համարում եմ, որ իմ պարտքը մի քիչ էլ ավելի արել եմ», - «Ազատության» հետ զրույցում նշեց 2018 թվականի հեղափոխության մասնակից Սարգիս Խաչատրյանը։

Սարգիս Խաչատրյանը, ով 2008 թվականից ակտիվորեն մասնակցել է հանրահավաքներին, աչքի է ընկել նաև 2018-ի թավշյա հեղափոխության օրերին, հատկապես այն թմբուկով, որը 10 տարուց ավելի օգտագործել է գրեթե բոլոր բողոքի ցույցերի ժամանակ։

«Հանրահավաքների, նմանատիպ միջոցառումների ժամանակ միշտ կիրառել եմ բառաբանը, երբ Նիկոլենց թիմը հասավ Երևան, այդ օրվանից սկսած շատ ակտիվ իրեն օգտագործեցի, որը որ տվեց արդյունք, որը որ տվեց դուխ, որը որ տվեց հեղափոխություն, որը որ տվեց էդ 10 տարվա բառաբանի միջի կուտակվածը տեղի ունեցավ», - նշեց Խաչատրյանը։

Սարգիս Խաչատրյանը թավշյա հեղափոխությունում իր մասնակցության մասին պատմել է նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, որն այսօր ներկայացրեց «Թավշյա էսքիզներ» նախագիծը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը պատմեց. - «Այսօրվա մեր նախագիծը նվիրված է նրան, ինչը կապված է թավշյա հեղափոխության հետ, նվիրված է նրան, թե ինչ էր մեդիան, ինչպես մարդիկ դառան մեդիա, ինչպես մարդիկ խաղացին և այդ ձևով փորձեցին նաև արտահայտել իրենց կամքը»։

Նախագիծն այն մասին է, թե ինչպես թավշյա հեղափոխության օրերին մարդիկ դարձան մեդիա։

«Ի՞նչ է իրենից ներկայացնում այս մուլտիմեդիա նախագիծը․ դա մի կայք է, որը պարունակում է արխիվային տեսանյութեր, լուսանկարներ, հարցազրույցներ, տեքստեր և վերլուծություն։ Այդ մուլտիմեդիա նախագիծը ինչ-որ իմաստով նման է վավերագրական ֆիլմի», - ասաց նախագծի հեղինակ Նատալի Հարությունյանը։

Հեղափոխության օրերին 7 օր 24 ժամ իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում լրագրողները։

Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանն ընդգծում է. - «Բոլորի համար անսովոր էր, դժվար ինչ-որ մեկը լիներ, որ ասեր՝ հա դե, անցած տարի էլ էի սենց բան նկարել»։

Շարժմանը համընթաց ծնվեցին երգեր, սակայն առաջինը եղավ Հայկ Ստվերի կատարումը, ով «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Ամենալավ զգացողություններն էին, էն բանն էր, որին չէինք հավատում, բայց երազում էինք։ Մարտի 30-ին մի տարեկան դարձավ երգը, այսինքն 30-ին պատրաստ էր, թողարկեցինք արդեն՝ ի նկատի ունեմ թե՛ Փաշինյանի էջում, թե՛ իմ։ Արդեն գիտեք, որ 31-ին էլ սկսեց քայլելը, մոտավորապես մտածում էի, որ ինչ-որ հայտնիություն ձեռք կբերի երգը, բայց որ էդ աստիճանի՝ իհարկե ոչ»։

Հեղափոխության օրերին ամենատարբեր եղանակներով փակվեցին բազմաթիվ փողոցներ։ Առանձնացան 4 երիտասարդ երաժիշտներ, որոնք կենտրոնական փողոցները փակեցին քայլելով ու նվագելով։

«Իրար ասեցինք՝ կարո՞ղ ա գնանք, ու հասկացանք՝ հա, հա, եկեք գնանք, ու չորսս էլ միանգամից մեկտեղվեցինք», - ասաց Հայկ Մակիյանը։

«Ինչ որ արել ենք, պահի ազդեցության տակ ենք արել, մի վայրկյան անգամ չմտածելով, թե ինչ կարա լինի հետո։ Էդ էլ ընկնում էր մեր քննությունների.... և դրանից մի ամիս առաջ ու առանց կաշկանդվելու կամ հետին բաների մասին մտածելու մենք գնացել ենք», - նշեց Թերեզա Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG