Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեղադրվում են էլեկտրոնային փականներ և տեսախցիկներ


Երևանում գրեթե կրկնակի աճել են բնակարանային գողության դեպքերը։ Ըստ քննչական կոմիտեի, եթե 2017 թվականին մայրաքաղաքում բնակարանային գողության 441 դեպք է գրանցվել, ապա արդեն 2018-ին՝ 801։

«Կարելի է արձանագրել, որ ավելի շատ դեպքեր արձանագրվել են բազմաբնակարանային շենքերում, հիմնականում առաջին և երկրոդ հարկերում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանը։

Կոմիտեում վերլուծել են ունեցած տվյալներն ու պարզել, որ գողությունների մեծ մասը այն շենքերում են կատարվել, որոնց շքամուտքերում դուռ չի եղել կամ եղել է, սակայն առանց փականի, իսկ առաջին հարկի բնակարաններում էլ ճաղավանդակներ են բացակայել:

Այս մտահոգությունը Քննչական կոմիտեի նախագահն անմիջապես ներկայացրել է քաղաքապետարան։ Բնակարանային գողությունները նվազեցնելու համար կոմիտեից առաջարկել են շենքերի շքամուտքերում էլեկտրոնային փականներով դռներ ու տեսախցիկներ տեղադրել։

«Որպեսզի մենք հնարավորություն ունենանք նման դեպքերի արձանագրման դեպքում տեսագրություններով պարզել առերևույթ հանցանք կատարած անձի դեմքը, որի արդյունքում նաև կավելանա հանցագործությունների բացահայտման հնարավորությունը», - ասաց Արման Բաղդասարյանը:

Քաղաքապետարանում ընդունել են առաջարկը։

Իսկ արդյո՞ք քաղաքապետարանը հավելյալ ֆինանսներ ունի շքամուտքերում տեսախցիկներ, դռներ տեղադրելու համար։ Երևանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի խոսքով՝ խնդիրը համատիրությունների դաշտում է, քաղաքապետարանն էլ փորձելու է աջակցել․ - «Չնչին գումարներ է կազմում, երևի ամեն բնակարանից 200-300 դրամի բան կեղնի: Եթե բոլոր բնակիչները համաձայնեն, դա մեծ բան չի»։

Բնակիչները դժգոհ չեն նախաձեռնությունից, կարևորում են այն։ Մտածում են, որ ավելի ապահով կլինեն գողություններից։

Բնակարանային գողության աճ նկատվում է նաև այս տարի։ Օրինակ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում աճը կրկնակի է։

Քննչական կոմիտեի քննիչ Վարդան Կարապետյանի խոսքով, վիճակագրության վրա նաև անցած տարվա համաներումն է ազդեցություն ունեցել․ - «Եղել են, որ բացահայտվել են նմանօրինակ հանցագործության դեպքեր, և հանցանք կատարած անձինք համաներումով նոր քրեակատարողական հիմնարկներից և պատժից ազատված անձինք են եղել»:

Արման Բաղդասարյանն ասաց, որ քաղաքապետարանին առաջարկել են տեսախցիկներն այնպիսի վայրում դնել, որ դրանք տեսանելի չլինեն գողություն կատարող անձանց համար․ - «Կարող է նշվել, որ տարածքը տեսանկարահանվում է, սակայն այդտեղ նշված պիտակների վրա չի նշվում, թե որ վայրում է տեղադրված»։

Արդեն 14 բազմաբնակարանային շենքի շքամուտքում սկսվել են էլեկտրոնային փականերով դռների և տեսախցիկների տեղադրման աշխատանքերը։ Քաղաքապետարանն առաջարկը փորձում է իրականություն դարձնել նաև մյուս շենքերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG