Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդագրություն է տարածել, որում հաղորդում է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալության մասին և որոշ մանրամասներ է ներկայացնում:

Հաղորդագրությունում ասված է․ - «Ազգային անվտանգության ծառայությանն օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո»:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը»: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, փոխանցում է ԱԱԾ-ն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շաբաթ օրը հայտնել էր, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իր տեղակալ Արսեն Դավթյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG