Մատչելիության հղումներ

Փաշինյանի համար ավելի սպառնալիք են լինելու իր ոչ կոմպետենտ կադրերը. Թաթուլ Հակոբյան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի, միջազգայնորեն շատ ծանր վիճակում է, որովհետև նա, ինչպես Հակոբյանն ասաց, Կովկասում միակ բռնապետն է։

«Եկեք իրերն անվանենք իրենց անուններով, ավելին՝ այն երկիրը, որն ուզվորին ուզում է ծնկի բերել՝ Հայաստանն, առաջ է անցել արդեն նաև Վրաստանից, որը նա [Ալիևը] ահավոր նախանձում է։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը միջազգայնորեն մեծ հեղինակություն ունի և ներսում ունի շատ մեծ մանդատ, կարող եք սիրել կամ չսիրել Նիկոլ Փաշինյանին, բայց այդ մարդը 70-տոկոսանոց մանդատ ունի առաջիկա 4-5 տարվա համար, սա էլ չափազանց կարևոր է: Այսինքն՝ Կովկասում բան է փոխվել, և ևս մի բան է փոխվել Կովկասում՝ դա Ռուսաստանի ազդեցության թուլացումն է, այն իմաստով, որ այլևս Իլհամ Ալիևը դժվար թե կարողանա պայմանավորվածության գալ պարոն Պուտինի հետ, որպեսզի պարոն Սերժ Սարգսյանի հետ գան ինչ-որ պայմանավորվածության, ինչ-որ ճնշումների, սա էլ է փոխվել: Եվ այս պայմաններն արդեն ստեղծել են նոր իրավիճակ, որ ամեն մի կրակոցն արդեն կրակոց է ոչ թե Հայաստանի և հայ զինվորի ուղղությամբ, այլ իր ուղղությամբ։ Բայց ես չեմ ասում, որ որոշ ժամանակ հետո կամ մի տարի հետո, եթե իրավիճակը փոխվի, Ալիևը նորից չի կրակի, կարող է կրակել, բայց մեր խնդիրը պետք է լինի ստեղծել այնպիսի պայմաններ և թելադրել այնպիսի պայմաններ, որ Ալիևը յուրաքանչյուր կրակելուց առաջ միշտ մտածի, որ այդ կրակոցը կարող է ուղղված լինել իր իշխանության և իր ժողովրդի դեմ», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց լրագրողը։

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` Հակոբյանը նշեց՝ Փաշինյանի համար ավելի սպառնալիք են լինելու իր ոչ կոմպետենտ կադրերը։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանը կադրային հարցերում շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած։

«Ես դեմ չեմ և ուրախ կլինեմ, եթե Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատանքի գնան այն հանրապետականները, որոնք իրոք պրոֆեսիոնալ են և ազնիվ են, կոռուպցիայի մեջ թաթախված չեն։ Բայց այստեղ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ստանալու է հարվածներ, ասելու են՝ «տեսեք, համագործակցում է նախկին ռեժիմի հետ»։ Հենց որ Նիկոլ Փաշինյանը բերի կադրեր Հայ ազգային կոնգրեսից, որտեղ նույնպես կան լավ կադրեր, ասելու են՝ «տեսեք, չե՞նք ասում բա Լևոն Տեր-Պետրոսյանի...»: Էս իմաստով, կարծում եմ, որ բավական դժվար վիճակում է, այնպես որ՝ ներսից է իր սպառնալիքը գալու, ոչ թե էս քամիները, որ դրսից են», - ասաց Հակոբյանը։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ համակարգում կադրային առումով «աղբը» շատ է։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, միգուցե սխալվում եմ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում մտածում էին, որ կարելի է վերևի օղակում ուղղակի դնել մեկին, որը կապ չունենա ոլորտի հետ, եթե նա ազնիվ է, ապա համակարգը սկսելու է աշխատել։ Ես առաջին իսկ օրվանից ասել եմ, որ համակարգն այդպես չի աշխատելու, որովհետև համակարգում աղբը շատ է, ներեցեք, կադրային առումով, որովհետև նախկին իշխանություններն՝ «այս մեր ընկերոջ հարսն ա, քուրն ա, ընտրություններում ծառայածն ա...», այդպես լցրել են, որոնք որպես մատերիալ երբեք ոչինչ չեն դառնալու, նրանք կարող է սովորել են մի վարչությունից մյուս վարչություն նամակ տանելու, նամակ բերելու ձևը, բայց նրանք խոշոր առումով չեն դառնալու այդ ոլորտում իդեաներ և առաջադրանքներ ձևակերպող և առաջադրանքներ լուծողներ», - ասաց Սաֆարյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG