Վրաստանում կիրակի օրը նշեցին երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի 80-ամյակը:
Ծայրահեղ ազգայնական հայացքներով հայտնի Գամսախուրդիան Վրաստանը ղեկավարեց 1990-ի աշնանից մինչև 1992-ի հունվարի 6-ը, նախ՝ որպես Գերագույն խորհրդի խոսնակ, ապա նաև՝ երկրի նախագահ:
Հենց Գամսախուրդիայի իշխանության շրջանում էր, որ Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Նույն այդ ժամանակահատվածում էր նաև, որ ազգամիջյան հարաբերությունները երկրում սրվեցին` ի վերջո Հարավային Օսիայում լայնամասշտաբ պատերազմի հանգեցնելով:
1991-ի դեկտեմբերին Գամսախուրդիայի կողմնակիցների և զինված ընդդիմության միջև պայքարը վերաճեց ռազմական գործողությունների Թբիլիսիի կենտրոնում, որոնց հետևանքով Գամսախուրդիան հեռացավ սկզբում Ադրբեջան, ապա՝ Հայաստան և Երևանով մեկնեց Գրոզնի:
1993-ին Գամսախուրդիան իր մի շարք զինված կողմնակիցների հետ փորձեց ապստամբություն բարձրացնել Արևմտյան Վրաստանում, սակայն պարտություն կրեց:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ 1993-ի հունվարին Արևմտյան Վրաստանի Խիբուլա գյուղում Գամսախուրդիան ինքնասպանություն է գործել: Վրաստանի առաջին նախագահի կողմնակիցները, սակայն, պնդում են, որ նա դավադրության զոհ է դարձել:
«Այն փաստը, որ մենք մինչ օրս տեղյակ չենք Վրաստանի առաջին նախագահի մահվան իրական հանգամանքների մասին, մեր երկրի խայտառակությունն է», - Գամսախուրդիայի 80-ամյակի առթիվ հրապարակված հատուկ ուղերձում նշում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:
Ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ այսօր` Գամսախուրդիայի մահից 26 տարի անց, վրացական քաղաքական դաշտում նրա հանդեպ վերաբերմունքը անհամեմատ ավելի դրական է, քան նրա կյանքի վերջին տարիներին: Գամսախուրդիայի 80-ամյակը այն եզակի դեպքն էր, երբ իշխանությունների և ընդդիմության մոտեցումները համընկան:
«Գամսախուրդիան Վրաստանի ազգային հերոս է: Պետությունն է նրան շնորհել այդ կոչումը: Շատերը, սակայն, Գամսախուրդիային չեն կարողանում ներել այն հանգամանքը, որ նա կառչած չէր իշխանությունից: Նրա երազանքը ոչ թե իշխանություն պահպանելն էր, այլ միասնական Կովկասյան տան, միասնական ճակատի ստեղծումը», - հայտարարում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Վրաստանի գործող իշխանությունների ներկայացուցիչները ևս այսօր խիստ դրական են արտահայտվում երկրի առաջին նախագահի մասին:
«Ես՝ որպես Վրաստանի հինգերորդ նախագահ, ցանկանում են շնորհավորանքի խոսք ուղղել Գամսախուրդիայի ընտանիքին: Նա կարևոր դերակատարություն ունի ժամանակակից վրացական պետության կազմավորման գործում: Այս օրը շրջադարձային էր մեր բազմադարյա պետականության պատմության մեջ», - Զվիադ Գամսախուրդիայի 80-ամյակի և 1991-ին կազմակերպված անկախության հանրաքվեի 28-րդ տարեդարձի առթիվ հեռարձակված ուղերձում նշում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: