Մատչելիության հղումներ

Զելենսկին թավշյա հեղափոխության մասին՝ «սատարում ենք մեր հայ եղբայրներին»


Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին քվեարկելիս, Կիև, Ուկրաինա, 31-ը մարտի, 2019թ.

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ով համարվում է հիմնական ֆավորիտներից մեկը, այսօր քվեարկելուց հետո պատասխանել է «Ազատության» հայկական ծառայության լրագրողի հարցերին, մասնավորապես ողջունել է հայաստանյան թավշյա հեղափոխությունը։

Ստորև ներկայացնում ենք կարճ հարցուպատասխանը.

-Ի՞նչ նշանակություն ունի այս ընտրությունը Ուկրաինայի համար։

-Կենսական նշանակություն ունի, սա ուկրաինացիների կյանքն է, իմ կյանքն է... ես ուզում եմ, որ իմ երեխաները, իմ ընտանիքը այստեղ՝ Ուկրաինայում ապրեն։ Այնպես որ սա իմ սիրտն ու հոգին է։

-Ի՞նչ կասեք Հայաստանի մասին։

-Գեղեցիկ երկիր է, մեր անձնակազմում մի հրաշալի հայ կա։

-Եղե՞լ եք Երևանում։

-Այո՛, եղել եմ, խաղացել ենք այնտեղ։ Շատ գեղեցիկ քաղաք է, միշտ թվում էր, թե հզոր ճարտարապետներ են այն կառուցել։ Իհարկե, շատ վաղուց եմ եղել, 98 թվականին, բայց հիշում եմ, որ КВН-ի եզրափակիչ մրցույթն էր «Նոր հայերի» հետ, նրանց հետո բարձրագույն խմբի չեմպիոններ էինք, նրանք էին մեզ Երևան հրավիրել։ Հրաշալի ներկայացում էր։ Մարդիկ էլ ոնց որ մեզ մոտ՝ ջերմ էին ու բարյացկամ։

-Ի՞նչ կարծիք ունեք հայկական հեղափոխության մասին։

-Ամբողջովին սատարում ենք մեր հայ եղբայրներին, կեցցե՛ն նրանք, պայքարեցին իրենց երկրում հանուն ժողովրդավարության, շնորհավորում եմ Փաշինյանին...

-Ո՞ր երկիրը կայցելեք առաջինը, եթե ընտրվեք։

-Անկեղծ կասեմ, թող արտասահմանցի գործընկերներս չնեղանան, ինձ առավել հետաքրքրում է այն, ինչ կատարվում է մեր երկրում։ Առաջինը մեր երկրի շրջանները կայցելեի և կփորձելի լուծել բոլոր այն խնդիրները, որ կան Ուկրաինայում։

Այսօր Ուկրաինայում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Հարցումների համաձայն, նախագահական ընտրությունների առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին է։ Երկրորդ տեղի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Պետության ղեկավարն ընտրվելու է համընդհանուր գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG