Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են Արցախի ղեկավարության հետ


Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Արցախում գտնվող՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հետ:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը ՀՀ ԱԺ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նա կարևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

ԼՂ ԱԳՆ լրատվականի հաղորդագրության համաձայն, Մասիս Մայիլյանը Հայաստանի խորհրդարանականներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման գործընթացում և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Մայիլյանը կարևորել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Նախարարն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային հանրությանն Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու, միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահերը խթանելու, ինչպես նաև միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածությունն ապահովելու գործում։ Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը` համագործակցել միջազգային կառույցների հետ՝ ուղղված երկրում ժողովրդավարական ավանդույթների ամրապնդմանը և տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմանը։

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, Արցախի պաշտպանական համակարգի կատարելագործման և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված ու շարունակվող աշխատանքների ընդհանուր համալիրը:

Հյուրերը Պաշտպանության բանակի հրամանատարին վստահեցրել են, որ հայկական երկրորդ հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերը այսուհետ ևս կմնան իրենց ուշադրության կենտրոնում, և գործուն քայլեր կձեռնարկվեն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության մակարդակը առաջիկայում նոր նշաձողի հասցնելու համար, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG