Այդպես է նախընտրել բրիտանական խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը՝ երրորդ անգամ դեմ քվեարկելով Եվրամիությունից դուրս գալու հարցով Թերեզա Մեյի առաջարկած համաձայնագրին:
«Մենք կրկին չկարողացանք քվեարկել Եվրոպական միությունից կազմակերպված դուրս գալու օգտին», - քվեարկությունից հետո հայտարարել է վարչապետ Մեյը՝ հավելելով, որ պատգամավորների այս որոշումը լուրջ հետևանքների կհանգեցնի:
Փաստաթղթին դեմ է քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ, փորձագետներ, գործարարներ մտավախություն ունեն, որ կոշտ «Բրեքզիթը» եթե չհանգեցնի աղետի, ապա լրջագույն ցնցումների կենթարկի Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Եվրամիության տնտեսությունները: Անգամ այս հանգամանքը, սակայն, չստիպեց բրիտանացի պատգամավորներին կողմ քվեարկել փաստաթղթին:
Քվեարկության տապալումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը «Բրեքզիթի» հարցով ապրիլի տասին արտահերթ խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին նա գրել է Թվիթերում:
Դրամատիկ այս իրադարձությունները տեղի էին ունենում այսօր, երբ Լոնդոնը պաշտոնապես պետք է հրաժեշտ տար Եվրոպական միությանը։ Բրյուսելն ու Լոնդոնը դեռևս երկու տարի առաջ որոշել էին, որ հենց 2019 թվականի մարտի 29-ին Միացյալ Թագավորությունը պետք է սկսի Եվրոպական միությունից դուրս գալու գործընթացը:
Մամուլը հաշվել է․ վարչապետ Թերեզա Մեյը ավելի քան 100 անգամ խոստացել է, որ դա տեղի կունենա հենց մարտի 29-ին: Շաբաթներ շարունակ թե՛ վարչապետ Թերեզա Մեյը, թե՛ Եվրամիության ղեկավարությունը ապարդյուն փորձում էին համոզել բրիտանացի պատգամավորներին ուղիներ փնտրել աննախադեպ ճգնաժամից դուրս գալու համար: Առայժմ զիջումների է գնացել միայն Եվրամիությունը:
Պատգամավորները դժգոհությունները հիմնականում վերաբերում են Իռլանդիայի Հանրապետության և Միացյալ Թագավորության կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի ցամաքային սահմանին: Փաստաթղթի համաձայն, սահմանային խիստ հսկողությունից խուսափելու նպատակով Հյուսիսային Իռլանդիան մինչև 2020 թվականի դեկտեմբեր շարունակելու է մնալ Եվրամիության միասնական շուկայի և Մաքսային միության կազմում:
Մեյի ընդդիմախոսները՝ այդ թվում հարազատ կուսակցությունից, պնդում են, որ այդկերպ Լոնդոնը կարող է կորցնել Հյուսիսային Իռլանդիայի հանդեպ ինքնիշխան իրավունքների մի մասը: Մի կողմից, բրիտանական խորհրդարանի մեծամասնությունը կողմ է Եվրամիությունից դուրս գալուն, մյուս կողմից՝ մերժում է բաժանման մասին փաստաթուղթը` բացառելով նաև այդ հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը:
Առաջին անգամ, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայի բնակչության 52 տոկոսը կողմ է քվեարկել «Բրեքզիթին»:
Վարչապետ Թերեզա Մեյը երեկ հերթական անգամ հայտարարում էր, թե պատրաստ է թողնել պաշտոնը՝ պայմանով, որ օրենսդիրները հավանություն տան «Բրեքզիթի» հարցով մերժած ծրագրին:
Բրիտանական մամուլը գրեթե միաձայն պնդում է, որ ամեն դեպքում Մեյը առաջիկայում ստիպված կլինի հեռանալ թե՛ իշխող Պահպանողական կուսակցության, թե՛ կառավարության ղեկավարի պաշտոնից: Հնչում են նույնիսկ նոր վարչապետի թեկնածուների անուններ՝ նախկին և ներկա արտգործնախարարներ Բորիս Ջոնսոն, Ջերեմի Հանթ: