Մատչելիության հղումներ

Տրված ժամանակը բավարար է Քոչարյանը գործի նյութին ծանոթանալու համար. Գլխավոր դատախազ


«Տրված ժամանակը լիարժեք բավարար է», - այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների այն պնդումներին, թե 50 օրը հերիք չէ 76 հատորանոց գործի նյութերին ծանոթանալու համար:

«Մենք էլ գնահատել ենք, որ եղած ժամանակահատվածը բավարար է այդ ծավալի նյութերին այդ սյուբյեկտների կողմից ծանոթանալուն։ Շտապելու ոչինչ չկար, բայց բոլոր դեպքերում մենք սահման ունենք քրեական գործերը ողջամիտ ժամկետներում քննության», - նշեց Դավթյանը։

Դատական նիստերը, դատախազի կարծիքով, դռնբաց կլինեն՝ բացառությամբ հրապարակային քննության արգելք ունեցող դրվագների: Չի բացառում, որ որպես մեղադրող անձամբ հանդես կգա դատարանում: Հիշեցնենք, կալանքի քննության ժամանակ նման նախադեպ գրանցվել էր:

Դիտարկմանը, թե նախկինում Գլխավոր դատախազը երբեք որպես մեղադրող չի ներկայացել դատարան, Դավթյանն արձագանքում է․ - «Իսկ նախկինում հիշո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը քրեական հետապնդման ենթարկված լինի։ Բացի դրանից, մյուս փաստարկը եղել է այն, որ իրավական լուրջ վեճ էր ծավալվում»։

Դավթյանը մտահոգիչ չի համարում սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահի փաստաբանական խմբի կողմից ՄԻԵԴ ուղարկված արդեն թվով 5 գանգատները: Նրա խոսքով, մեղադրանքը «ամուր է»։

Արթուր Դավթյանը ձևակերպեց նաև, թե ինչ ասել է բացահայտված գործ, ապա հաստատեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր ասուլիսներից մեկում պնդել, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է։

«Ազատության» հարցին՝ այսինքն Նիկոլ Փաշինյանը շտապե՞լ էր, Դավթյանը պատասխանեց. - «Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չի, Նիկոլ Փաշինյանը գնահատականը բերել, կապել է քրեական գործի դատավարական ընթացքի հետ: Դա ճիշտ չի։ Կարծում եմ, որ երկրի վարչապետը քրեադատավարական գործունեության սուբյեկտ չէ։ Երբ որ դուք երկրի դատախազից, քննիչից կլսեք էդպիսի հարցը, ուրեմն էդ դեպքում դուք կկարողանաք ներկայացնել ձեր հակափաստարկները»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի արտահանձման գործընթացի համար հայկական կողմը անհրաժեշտ քայլերը կատարել է և սպասում է չեխ գործընեկերների արձագանքին:

«Ազատությանը» դիտարկմանը, թե ինչու է երկարաձգվում գործընթացը, Գլխավոր դատախազն արձագանքեց. - «Նմանատիպ գործըթացների պրակտիկան ցույց է տալիս, որ էս պահին եղած ժամանակը դեռևս անհանգստացնող ժամանակ չէ։ Ամենատարբեր նրբություններ դա ունի, որովհետև տվյալ երկրի իրավասու մարմինը պետք է որոշում կայացնի, հետո էդ կայացված որոշումը անձը էդ նույն ատյաններով բողոքարկելու հնարավորություն ունի։ Մենք էլ մեր արտասահմանյան այլ գործընկերների հետախուզվողներին հայտնաբերելուց դեպքեր ենք ունենում, որ մինչև տարվան մոտենում է, մինչև էս իրավական համակարգումների գործընթացն ավարտվում է։ Որպես կանոն ոչ մեկ այդպես հեշտ չի հանձնվում»։

Իրավիճակ այլ է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի պարագայում: Չնայած ԱԱԾ պետը հաստատել էր, որ վերջինս Լիբանանում է, իսկ Լևոն Սարգսյանի գործընկեր Ջեմբերջյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ պարբերաբար կապի մեջ է նրա հետ, իրավապահներին այդպես էլ չի հաջողվում հայտնաբերել նրան, որպեսզի սկսվի արտահանձման գործընթաց:

«ԱԱԾ պետը կարող է ամենատարբեր օպերատիվ տեղեկություններ ունենալ և ձեր հետ մեծահոգաբար կիսվել: Էդ կիսվելը շատ հաճելի պրոցես է, բայց քրեադատավարական առումով ոչ մի նշանակություն չունի։ Քրեադատավարական առումով, երբ որ այդ երկրի իրավապահ մարմինները հայտնաբերում, մեզ հայտնում են, այդ ժամանակ առաջանում է իմ գործողությունները», - ընդգծեց Դավթյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն դեռ Լիբանանի իրավապահների կողմից հատատված չէ՞, որ Լևոն Սարգսյանն այնտեղ է գտնվում, նա պատասխանեց. - «Հաստատումը այն է, երբ որ մարդուն հայտնաբերում են, մնացածը իմ համար ոչ մի նշանակություն չունի: Օպերատիվ մարմինների համար ունի, դատախազի համար՝ ոչ»։

Դիտարկմանը, թե պարոն Ջեմբերջյանն էր հայտարարել, որ խոսել է իր հետ, տեղյակ է՝ լավ է, իրավապահների հետ իր հարցերը լուծել է, արձագանքեց. - «Բոլորը խոսել են նրա հետ։ Ասում եմ՝ մենք էքստրադիցիոն գործընթաց կարող ենք սկսել միայն այն դեպքում, երբ որ նրան հայտնաբերում են, ձերբակալում են և մեզ պաշտոնապես դրա մասին տեղեկացնում են։ Դա տեղի չի ունեցել։ Մեր երկրի տարածքում եթե դա կիրականացվի, կասենք, որ մեր պատկան մարմինն է թերացել։ Խոսքը վերաբերում է այլ երկրում հայտնաբերմանը, չէ՞: Դե հիմա ես ինչպե՞ս ասեմ, որ էդ երկրի ոստիկանությունը թերացել է թե չի թերացել»։

Հարցին էլ՝ ստացվում է, որ օրինակ, Չեխայում, Լիբանանում Ձեր հետ չեն համագործակցում և նախկին իշխանությունների կապերն ավելի՞ ամուր են, Դավթյանը պատասխանեց. - «Ոչ, էդպես չի։ Մենք էսօր Հայաստանի Հանրապետությունում գտնվող հետախուզվող էլ ունենք, որին հնարավոր չի եղել հայտանաբերել»:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում, թե՞ անցումային արդարադատություն․ անկախ նրանից ինչպես կանվանվի նոր օրենսդրական նախաձեռնությունը միևնույն է դատարանն է որոշելու գույքը ապօրինի է, թե օրինական։ Դատախազը չի հերքում, որ ստեղծվող նախագիծը ոչ միայն միջազգային կառույցների պահանջ է, այլ նաև՝ երկրում ստեղծված իրավիճակի հետևանք։

«Դե բնականաբար երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո բազմաթիվ պրոցեսներ առավել արագացան: Հիմա արագացավ նաև այս գործընթացը, որը ինչ-որ մի սաղմնային փուլում որտեղ էր գտնվում», - ասաց Դավթյանը։

Դատախազը Ազգային ժողովում էր Մարդու իրավունքերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման համար: Դռնփակ հանդիպմանը, Արթուր Դավթյանի փոխանցմամբ, քննարկվել են ընդհանուր բնույթի հարցեր:

Նախկին իշխանությունների կողմից առաջադրված և ընտրված Դավթյանն իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը մեկնաբանել չցանկացավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG