Մատչելիության հղումներ

Անթալիայում այսօր տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը


Մևլութ Չավուշօղլու, Սերգեյ Լավրով, արխիվ
Մևլութ Չավուշօղլու, Սերգեյ Լավրով, արխիվ

Այսօր հանդիպելու են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը։

Թուրքիայի հանգստավայր Անթալիա քաղաքում անցկացվելու է երկու երկրների համագործակցության ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հերթական նիստը։

Հանդիպման նախաշեմին Չավուշօղլուն ասել էր, թե Թուրքիան հնարավոր է թույլատրի, որ Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ներքին անձնագրերով կարողանան այցելել Թուրքիա։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ հարցն այսօրվա հանդիպմանը քննարկվելու է։

Սակայն, երեկ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե մի շարք խնդիրների պատճառով այդ գաղափարը դժվար է իրականացնել։

Ռուսական տուրօպերատորները կարծիքներ են հայտնել, որ Թուրքիային դա ձեռնտու է, պատահական չէ, որ այդ մասին ասվում է զբոսաշրջության սեզոնի նախաշեմին, բայց նշում են, որ մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով դա հնարավոր չէ։

Ռուսաստանի զբոսաշրջային միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան ասել է, թե Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են մեկնել ԱՊՀ մի քանի երկրներ, բայց Թուրքիայի սահմանապահները ռուսերեն չգիտեն, անձնագրի տվյալները նրանք պարզապես չեն կարող կարդալ։

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նաև իրավական մի շարք խնդիրներ է նշել։ Մասնավորապես, ըստ Զախարովայի, ռուսական անձնագրերը նախատեսված են միայն Ռուսաստանի Դաշնության տարածքի համար, ԱՊՀ այն մի քանի երկրները, որ դրանով հնարավոր է մեկնել խորը ինտեգրված են Ռուսաստանի հետ։

Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիներն արտասահմանյան անձնագրեր ստանալու խնդիրներ չունեն և այդ կարգն էլ վերջերս դյուրացվել է։

Ավելի գլոբալ հարցերի հետ կապված Զախարովան ասել է, որ ռուս-թուրքական այսօրվա հանդիպմանը քննարկվելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և սևծովյան տարածաշրջանում։

Թուրքական «Անադոլու» գործակալությունն այսօրվա հանդիպման մասին ավելի վաղ հաղորդել էր, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։

«Անադոլու» գործակալությունը նաև հայտնել էր, որ ապրիլի 8-ին նախատեսված է Թուրքիայի նախագահի այցելությունը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG