Մատչելիության հղումներ

Փաշինյանի օդանավը Վիեննայում վայրէջք կատարեց երեկ ուշ երեկոյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը Վիեննայում վայրէջք կատարեց երեկ ուշ երեկոյան:

Հայաստանի ղեկավարն այսօր առաջին անգամ պաշտոնապես բանակցելու է Ադրբեջանի նախագահի հետ, Իլհամ Ալիևը նույնպես երեկվանից արդեն Վիեննայում է:

Ակնկալվում է, որ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին այստեղ՝ Ավստրիայում կմինանան նաև երկու երկրների արտգործնախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը:

Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14։00-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Բրիստոլ» հյուրանոցում:

Ըստ նախնական օրակարգի, դրանք կտևեն մոտ երկու ժամ, նախ երկու երկրների առաջնորդները, արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ընդհանուր քննարկում կանցկացնեն, ապա Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:

Վիեննա թռիչքից առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել ղարաբաղյան հակամարտությանն առնչվող խնդիրներ:

Նախօրեին ելույթ ունենալով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Իլհամ Ալևի հետ զրույցում բարձրաձայնելու է Ստեփանակերտը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցը, բացի այդ համանախագահներին կարգավորման սկզբունքների ու բաղադրիչների մասին է հարցադրումներ անելու։

«Երեք սկզբունքների և վեց բաղադրիչների մասին ես իհարկե ունեմ շատ կարևոր հարցադրումներ, և քանի որ երկու օրից բուն բանակցային գործընթացն է, ես այդ հարցադրումները կանեմ տեղում և, իհարկե, հետո հաճույքով ձեզ կպատմեմ, թե ինչ հարցադրումներ են դրանք և ինչպիսին են իմ տպավորությունները դրանց վերաբերյալ: Այդ մեկնաբանությունները կարևոր են մեզ համար, որովհետև այն մեկնաբանությունները, որ տալիս է Ադրբեջանն այդ սկզբունքներին, մեզ համար անընդունելի են: Եթե պարզվի, որ դա է մեկնաբանությունն այդ սկզբունքների, արդեն ասել եմ, որ դա մեզ համար անընդունելի է: Բայց կարող է պարզվել, որ Ադրբեջանի մեկնաբանությունը, համանախագահներն իրենք են ասում, որ Ադրբեջանի մեկնաբանությունը սխալ է: Քանի դեռ ես համանախագահների մեկնաբանությունը չեմ լսել, ես ինչպե՞ս ասեմ այդ սկզբունքները ընդունելի՞ են մեզ համար, թե՞՝ ընդունելի չեն: Ես ասում եմ՝ ով որ այդ սկզբունքը առաջարկել է, թող ինքը մեկնաբանի, ես հարցեր ունեմ դրա հետ կապված: Եվ հետո, երբ որ այդ հարցերին պատասխանեն առաջարկողները, այդտեղ ոչ միայն մենք պետք է ասենք ընդունելի է, թե չէ, այլև Ադրբեջանը պետք է ասի՝ ընդունելի է թե չէ», - ասել է վարչապետը:

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են հունվարին՝ շվեյցարական Դավոսում, ոչ պաշտոնական ձևաչափով քննարկումը տևել էր մոտ մեկ ժամ:

Ավելի վաղ` անցած տարվա սեպտեմբերին Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց էին ունեցել Դուշամբեում:

Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի ղեկավարի՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ, կհյուրընկալվի Հոֆբուրգ պալատում`՝ հանդիպելու Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպումները սկսել է երեկվանից, Իլհամ Ալիևին ընդունել է Ավստրիայի փոխկանցլերը:

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը՝ այսօր կայանալիք գագաթաժողովին ընդառաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG