Մատչելիության հղումներ

Հավաքարարները բողոքի ակցիա իրականացրեցին Ազգային ժողովում


Ազգային ժողովի մաքրուհիները այսօր «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրենի հետ հանդիպումը անարդյունք են գնահատում:

Ընկերության առաջարկած նոր պայմանագրերով նրանց աշխատավարձը կնվազի և նախկին 68 հազար դրամի փոխարեն կստանան 40 հազար դրամ՝ օրվա մեջ երկու ժամվա աշխատանքի դիմաց: Փոխարենը ընկերությունը խոստացել է նրանց աշխատանքով ապահովել նաև այլ հաստատություններում:

Նոր պայմաններով աշխատակիցները զրկվում են նաև պարգևավճարներից և սոցփաթեթներից: Հավաքարարները այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Ազգային ժողովում բայց տեսագրվել չցանկացան՝ ասելով, թե համացանցում իրենց թիրախավորում են:

«Տարիներ շարունակ մենք աշխատել ենք առավոտվա ժամը 6-7-ից մինչև ժամը 9-10-ը: Դա համարվում ա գիշերային հերթափոխի աշխատանք: Ակնկալիքներ ունեինք գոնե մինիմալ աշխատավարձը ապահովելու: Եթե էսքան են գնահատում ենք 20-30 տարվա աշխատողներին, Աստված իրանց հետ», - ասաց բողոքավորներից մեկը:


«Քլիներսի» ղեկավար Գարուշ Պապիկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ 60 աշխատակիցներից 35-ը արդեն ստորագրել են առաջարկվող պայմաններով պայմանագրերը: Ինչ վերաբերում է մյուսներին, ընկերությունը որևէ զիջումների գնալ չի կարող, քանի որ Ազգային ժողովի մրցույթով սահմանված միջոցները պարզապես թույլ չեն տալիս․ - «Մենք սիրով զիջումների կգնայինք, ուղղակի բյուջեն չի ներում»:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն ասում է, որ մրցույթը հայտարարվել է մինչև նոր աշխատակազմի ձևավորվումը, և պայմաններում որևէ փոփոխություն իրենք իրականացնել չեն կարող: Ավելին, Գալստյանը քննարկում է ունեցել նաև ԱԺ նախագահի հետ և պնդում է, որ խորհրդարանի ընդհանուր տարածքի մաքրության համար նման ծավալի հաստիք բյուջեի հաշվին պահելը արդարցված չէ, քանի որ անգամ պետական ստանդարտներով այդ հաստիքների 50 տոկոսի չափով հնարավոր է մաքրել ԱԺ տարածքը:

Հավաքարարների առաջարկը՝ սուբսիդավորել աշխատավարձների տարբերությունը, ԱԺ աշխատակազմում իրատեսական չեն համարում ավելին պնդում են անօրինական է ու շահեր բախման կարող է հանգեցնել:

Մաքրուհիների համար բացարտությունները ընդունելի չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG