Մատչելիության հղումներ

ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարարը ազատազրկման է դատապարտվել


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում է ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովին 90-ամյակի առթիվ, նոյեմբեր, 2014թ.

Խորհրդային Միության պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Վիլնյուսի դատարանը մեղավոր է ճանաչել ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովին և տասնյակ այլ պաշտոնյաների՝ երկրում 1991 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների համար:

Անկախության հռչակումից հետո Յազովի ղեկավարությամբ խորհրդային զորքերը մտել էին Լիտվայի մայրաքաղաք՝ Բալթյան հանրապետությունը Խորհրդային Միություն վերադարձնելու նպատակով. սկսվել էին բախումներ, 14 մարդ զոհվել էր, 600-ը՝ վիրավորվել: Գործով մեղադրանք էր ներկայացվել Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի 67 քաղաքացիների, մի մասը մահացել է, շատերը Լիտվայի տարածքում չեն բնակվում։ Նրանց, այդ թվում՝ Խորհրդային Միության մարշալ Յազովին դատարանը մեղավոր է ճանաչել ու դատապարտել հեռակա կարգով:

Զոհերի հարազատները հայտարարել են՝ արդարությունը հաղթեց, թեկուզ՝ 28 տարի անց:

«Ինձ համար կարևոր է, որ բոլոր նրանք, որ կազմակերպել ու իրականացրել էին այդ հանցագործությունն ընդդեմ խաղաղ բնակչության, դատապարտվեն կալանքի, և նրանց մեղավորությունը հաստատվի դատարանով», - ասել է զոհերից մեկի որդին՝ Ռոբերտաս Պովիլաիտիսը:

Ռուսաստանի Պետդուման ավելի վաղ այս դատաքննությունը որակել էր քաղաքական գործընթաց ու պնդել, թե այն որևէ կապ չունի մարդու իրավունքների պաշտպանության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG