Մատչելիության հղումներ

Ջեյմս Քոմին վերապահումներ ունի Մյուլերի զեկույցի առթիվ


Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին տարակուսում է. նա չի կարողանում հասկանալ, թե ինչու է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը գրեթե երկու տարի շարունակված հետաքննության ընթացքում հանգել եզրակացության, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի փորձել խոչընդոտել իր նախընտրական շտաբի և Ռուսաստանի իշխանությունների միջև հնարավոր կապերի վերաբերյալ հետաքննությանը: Այս մասին Քոմին հայտարարեց չորեքշաբթի երեկոյան ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում:

«Լիարժեք հետաքննության անցկացումը Մյուլերի պարտականությունների շրջանակում էր: Նա պետք է հետաքններ և եթե ի վիճակի լիներ` հանգեր հստակ հետևությունների: Ես չեմ կարող ասել, թե ինչու նա չի արել դա, չեմ կարող ասել, թե օրենքների և փաստերի ինչ համադրություն է, որ ստիպել է Մյուլերին նման հետևությունների հանգել», - նշում էր Քոմին:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը համոզված է, որ 2017-ին տեղի ունեցած իր պաշտոնանկությունը Թրամփի կողմից արդարադատությանը խոչընդոտելու փորձ էր:

Ջեյմս Քոմին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից հեռացվեց այն բանից հետո երբ հայտնի դարձավ, որ նրա ենթակաները սկսել են հետաքննել Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի իշխանությունների միջև հնարավոր գործարքի մասին տեղեկությունները:

«Ես կարծում էի, որ [նախագահի գործողություններում] արդարադատության խոչընդոտման հնարավոր տարրեր առկա էին, և հուսով եմ, որ որևէ մեկը դրանով կզբաղվի: Նախագահը կարծես ասում էր` ես պաշտոնանկ կանեմ այս մարդուն և վերջ կդնեմ հետաքննությանը, որն ինձ համար սպառնալիք է հանդիսանում», - նշում էր Քոմին:

Ի դեպ, նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականը և փեսան` Ջարեդ Քուշները, Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեին մի շարք փաստաթղթեր է ներկայացրել, որոնք վերաբերում են 2016 թվականի նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածին ինչպես նաև Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի պաշտոնավարման առաջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին: Դրանց թվում են նաև Ջեյմս Քոմիի` Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնանկության մանրամասները: Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն այս փաստաթղթերը պահանջել է մարտի 4-ին մեկնարկած խորհրդարանական հետաքննության շրջանակներում: Այս հետաքննության ընթացքում ամերիկացի կոնգերսականները հետաքննում են Թրամփի նախընտրական շտաբի գործունեությունը, իշխանության փոխանցմանը ինչպես նաև ԱՄՆ նախագահի գործարար ակտիվությանը:

NBC-ին տված հարցազրույցում Ջեյմս Քոմին նշում էր, որ պատրաստ է օժանդակել Թրամփի կողմից արդարադատության հնարավոր խոչընդոտման նոր հետաքննություններին ևս:

«Եթե կան հարցեր, որոնք անպատասխան են մնացել ժամեր շարունակված իմ հարցաքննության ժամանակ, ապա ես պատրաստ եմ պատասխանել նաև դրանց: Ես ցանկանում եմ, որպեսզի այդ ամենը արվի բացեիբաց, այլևս ոչ մի փակ լսում չպետք է կազմակերպվի: Հանրային լսումները ծառայում են հենց հանրության շահերին, ուստի եթե կան հարցեր, որ վերաբերում են այդ հետաքննության ընթացքին, այլ խնդիրներին, պարզապես տեղյակ պահեք ինձ», - հայտարարում էր Ջեյմս Քոմին:

Նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ, սակայն, Ջեյմս Քոմիի այս գործողությունները միայն մեկ բառով կարելի է բնութագրել` վրեժխնդրություն կորսված պաշտոնի համար:

«Ես գիտեի, որ ամեն ինչ շատ ավելի վատ ընթացք է ստանալու, այլ ոչ թե հակառակը: Եթե չհեռացնեի նրան պաշտոնից ամեն ինչ կավարտվեր: Բայց ես գիտեի, որ այդ պաշտոնանկությունը մի մեծ պատմություն է դառնալու», - անցած գիշեր Fox News հեռուստաընկերության տված հեռախոսային հարցազրույցում նշում էր Սպիտակ տան ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG