Մատչելիության հղումներ

Հայկական ֆուտբոլը լուրջ հաջողությունների կհասնի՝ շնորհիվ ՀՖՖ-ի նոր ղեկավարության. Յուրա Մովսիսյան


Ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը կարծում է՝ առաջիկայում հայկական ֆուտբոլը լուրջ հաջողությունների կհասնի՝ շնորհիվ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարության, որը, հավաքականի վետերան հարձակվողի խոսքով, ճիշտ ռազմավարություն է որդեգրել հայկական ֆուտբոլի զարգացման հարցում։ «Ազատության» հետ զրույցում նա նշեց՝ քաղաքացիները շուտով հնի և նորի տարբերությունը կզգան. - «Մենք ընդհանրապես շատ բանի կարող ենք հասնել։ Մեր ֆուտբոլը ուժեղ ֆուտբոլ է, ես դա չեմ ասում, որ հավաքականի անդամ եմ, ֆուտբոլիստ եմ։ Դա արդեն ապացուցված փաստ է, որ մենք ունենք տաղանդ և հուսով ենք, որ նոր ղեկավարությունը շատ ճիշտ քայլերի է գնում ֆուտբոլը զարգացնելու համար»։

Ֆուտբոլիստը ընդգծում է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի փոփոխությունից հետո՝ և՛ ֆեդերացիայում, և՛ հավաքականում մթնոլորտը դեպի լավն է փոխվել: - «Ամենակարևորը մարդկանց հանգստությունն է, ժողովուրդը արդեն կարող է հենց էս շենք՝ Ֆուտբոլի ֆեդերացիա, հանգիստ մտնի-դուրս գա, որն առաջ չի եղել։ Հավաքականում մթնոլորտը ևս փոխվել է, ֆուտբոլիստների մոտ հանգստություն կա, փոփոխությունները շատ մեծ են»,-ասաց Յուրա Մովսիսյանը։

Միացյալ նահանգներում բնակություն հաստատած ֆուտբոլիստը «Ազատությանը» փոխանցեց՝ միտք ունի ընտանիքով Հայաստան վերադառնալ։

Հեղափոխությունից հետո՝ Յուրա Մովսիսյանը նաև մտադիր է Հայաստանում ներդրումներ իրականացնել։ Վերջերս հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հնարավոր է, որ Հայաստանում իր նախաձեռնությամբ բացվի վերականգնողական կլինիկա։ - «Մինչև հեղափոխություն ես միտք չեմ ունեցել ներդրումներ անել, բայց հեղափոխությունից հետո մտքափոխվել եմ։ Եվ հենց դրա համար էլ հանդիպեցի պարոն Թորոսյանի հետ, քննարկեցինք։ Իմ կարծիքով՝ Հայաստանում դրա կարիքը կա, և հուսով ենք, որ այն կիրականացնենք», - պատմեց ֆուտբոլիստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG