Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով՝ այս հանդիպումից ակնկալիքն այն է, որ Փաշինյանը կպահի «այդ գիծը, որը նշել է»: - «Որովհետև պարզ ու հստակ ասված է, որ պետք է մոտեցումը վերանայվի, պետք է հստակեցում մտցվի սկզբունքների և այն էլեմենտների վերաբերյալ, որոնք տարիներ շարունակ տարբեր ձևով մեկնաբանվում են», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց փորձագետը:
Մանվել Սարգսյանը նաև կարևորեց նաև բանակցային կողմերի պատասխանատվությունների շրջանակը հստակեցնելու հարցը:
«Երկրորդ կարևորագույն թեզը, որը ես գնահատել եմ բազմաթիվ անգամ, որ պիտի պարզվի այս բանակցային պրոցեսում ով ինչ պատասխանատվություն և իրավունք ունի: Սա շատ լուրջ բան է, որովհետև հենց դրա բացակայությունն է, որ լրիվ լղոզել, անիմաստ է դարձրել այս բանակցությունները և բերել է պատերազմի 2016-ին», - հավելեց փորձագետը:
Երեկ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հայկական զինված ուժերի գործողությունների հետևանքով իրենք մեկ զոհ ունեն: «Ազատության» հարցին՝ Վիեննայում կայանալիք բանակցությունների հետ կապված լարվածության աճ սպասո՞ւմ է, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարը պատասխանեց․ ֊ «Լարվելը գիտե՞ք ինչ է, ինչո՞ւ չի կրակում Ադրբեջանը: Որովհետև ամեն մի կրակոց վերադարձնում է Վիեննայի պարտադրանքը՝ մեխանիզմներ տեղադրելու: Հիմա Ադրբեջանի համար դա անընդունելի բան է, դա քաղաքական նշանակություն ունեցող խնդիր է․ արդեն միջազգային հանրության կողմից իջեցված պատասխանատվության խնդիր է մտել բանակցությունների մեջ, որը երբևէ չի եղել: Այդ պատասխանատվության խնդիրը շատ լուրջ է: Ադրբեջանը մի կերպ դուրս է եկել 2016-ի ագրեսիայի տակից դրանով, որ Հայաստանին են մեղադրել: Որովհետև եթե հստակ այն ժամանակ ասվեր, որ Ադրբեջանը խախտել է 94 թվականի զինադադարի պայմանագիրը, շատ բաներ արդեն փոխված կլինեին: Որովհետև Ադրբեջանը պարտավորություն է վերցրել միջազգային հանրության առաջ, որ խաղաղ ճանապարհով է լուծելու»: