Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վենեսուելայից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի կնոջ՝ Ֆաբրինա Ռազալեսի հետ

Ռուսաստանը պետք է դուրս գա Վենեսուելայի տարածքից և Վաշինգտոնը դիտարկում է բոլոր հնարավոր միջոցները, որ կստիպեն Մոսկվային անել դա, երեկ Սպիտակ տանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, մի շարք պետությունների կողմից այդ երկրի ժամանակավոր նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի տիկնոջ՝ Ֆաբրինա Ռազալեսի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, թե Մոսկվան պետք է դադարեցնի աջակցությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը կոչ էր արել Գուաիդոյին դադարեցնել բանակցությունները Մադուրոյի հետ:

Փենսը Ռուսաստանի գործողությունները Վենեսուելայում անվանել էր անցանկալի սադրանք:

Մարիա Զախարովա
Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Թրամփի հայտարարությանը, հակադարձելով, թե՝ մինչև Վենեսուելայից դուրս գալու մասին խորհուրդներ տալը ԱՄՆ-ը պետք է իրագործի Սիրիայից դուրս գալու մասին իր իսկ հայեցակարգը:

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը այսօր հայտարարել է, թե Թրամփը խառնվում է երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունների մեջ: Կոսաչևը շեշտել է, որ Ռուսաստանը օրինական հիմունքներով զարգացնում է իր ռազմատեխնիկական համագործակցությունը Վենեսուելայի հետ:

Անցած շաբաթվա վերջին Վենեսուելա էին ժամանել ռուսական երկու ռազմական օդանավեր՝ այդ երկիր տեղափոխելով շուրջ 100 ռուս զինվորականների և 35 տոննա բեռ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունը հաստատել էր, ասելով, թե ամեն ինչ օրինական է՝ ըստ ավելի վաղ կնքված ռուս-վենեսուելական համաձայնագրի:

«Ռոյթերզը» գրել էր, որ Վենեսուելա են ժամանել Ռուսաստանի հատուկ ուժերի ներկայացուցիչները և կիբեռանվտանգության մասնագետներ:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի հետ միասին կհայտարարեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որ կապված են Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության հետ։ Այս մասին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG