ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած ու ակնկալվող փոխայցելությունները վկայում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ ակտիվ և դինամիկ երկխոսության շարունակականության և դրականորեն ընդգրկուն օրակարգի մասին:
Նախարար Մնացականյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի ժողովրդավարության հասունացման և կայացման գործում։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու ժողովրդի լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները, մասնավորապես, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, սոցիալ-տնտեսական ոլորտներում:
ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հանգամանորեն անդրադարձել են Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության ընթացքին, մտքեր փոխանակել Եվրոպայի խորհրդի օրակարգում արդիականություն հանդիսացող հարցերի շուրջ։