Մատչելիության հղումներ

Մեզ համար կարևոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

«Օրբելի» կենտրոնը Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է. - «Բազմիցս առիթներ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը մտավոր ոլորտի խնդիր է, նկատի ունեմ այն, որ մեր բոլոր խնդիրներն ունեն առաջին հերթին ինտելեկտուալ լուծումներ: Մեզնից որևէ մեկը չի կարող որևէ տեղ լինել ֆիզիկապես, եթե նախ և առաջ ինքն այնտեղ չի գտնվել մտովի, մեզնից որևէ մեկը չի կարող անել որևէ գործողություն, եթե այդ գործողությունը նախ չի արել մտովի, իհարկե, եթե մենք ուզում ենք անել գիտակցված գործողություններ և ուզում ենք կառավարել մեր գործողությունները:

Իհարկե, յուրաքանչյուր կառավարության, ինստիտուտի ու, կարծում եմ, անհատի խնդիրն է՝ գիտակցել սեփական գործողությունները և կառավարել դրանք: Դա է պատճառը, որ մենք կայացրել ենք որոշում՝ ստեղծել այսպիսի վերլուծական կենտրոն, որի խնդիրը շատ հստակ է ձևակերպվում. կենտրոնը պետք է ընդարձակի ընդհանուր մտավոր դաշտը, մտավոր տարածքը, գործողությունների դաշտը և տարածքը, որում գործում ենք մենք, որում գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որում գործում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը:

Մեզ համար կարևոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ: Մենք ամենևին էլ այս կենտրոնը, որը վարչապետի աշխատակազմում է, չենք համարում ինտելեկտուալ արտադրանքի միակ աղբյուրը»:

Վարչապետն ընդգծել է, որ կենտրոնը պետք է համագործակցության կամուրջներ և մեխանիզմներ ունենա վերլուծական այլ կենտրոնների հետ, այդ թվում՝ մասնավոր:

«Երկրի իշխանությունը պետք է առկա խնդիրների շուրջ համախմբի մտավոր ներուժը: Սա մեր առաջին քայլն է այդ ճանապարհին: Հաջորդ քայլերով պետք է փորձենք հստակեցնել մեր համագործակցության մեխանիզմներն այլ վերլուծական կենտրոնների հետ, որոնք գոյություն ունեն կամ որոնք նոր կստեղծվեն: Այն մեծ մտավոր աշխատանքը, որի պահանջը և օրակարգը կա այսօր բոլորիս ընդհանուր սեղանին՝ պետք է միասին կատարենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորել է «Օրբելի» կենտրոնի բացման առթիվ և վերջինիս վերլուծաբաններին ու փորձագետներին մտավոր գործունեության մեջ մաղթել հաջողություններ:

«Այն ամենը, ինչ իրականում տեղի է ունենում մեր շուրջը, նախ տեղի է ունենում մեր մտքում և հետևաբար մեր միտքը պետք է լինի կառուցողական, ճկուն, հզոր ու կարողանա հաղթահարել բոլոր արգելքները: Ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքի շնորհանդեսը: Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կենտրոնի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետության առաջխաղացման գրավականը նրա մարդկային, մտավոր ռեսուրսն է, և մենք փորձելու ենք այդ մտավոր ռեսուրսը տարբեր ձևաչափերով համախմբել, և այն օգտագործել՝ հանուն պետության զարգացման: Մենք զարգացման երկարատև ծրագրեր ունենք, «Օրբելի» կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կենտրոն: Մենք պետք է ներկայացված լինենք արտերկրյա հարթակներում և դրանով իսկ ավելի ներկայանալի դարձնենք Հայաստանն աշխարհում»,- նշել է Հովհաննես Մովսիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG