Մատչելիության հղումներ

Կարճևանում հողերի կեղծ աճուրդի գործով հարցաքննվել է «ԷՍԻԷՅ» ընկերության հիմնադիրը


Մեղրու ազատ տնտեսական գոտու բացումը, արխիվ
Մեղրու ազատ տնտեսական գոտու բացումը, արխիվ

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ, «Սյունիք» ազատ տնտեսական գոտու խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը պնդում է՝ իր հիմնադրած ընկերությունը կապ չունի Սյունիքի Կարճևան համայնքում 2014-ին անցկացված հողերի կեղծ աճուրդի հետ։

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։ Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Իրավապահները քննում են՝ արդյոք 2014-ին Կարճևան համայնքի ղեկավարը, կեղծելով տվյալները՝ ավագանու չկայացած նիստի որոշմամբ 2017-ին կառավարության կողմից ստեղծված «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն կից Կարճևան գյուղին պատկանող հողերը կեղծ աճուրդով օտարել է Աղաբեկյանին պատկանող «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ին, որոշ հողեր էլ օտարել է նրա աներորդուն։

«Ինչ վերաբերում է համայնքի գործառույթներին՝ հասցեատերը համայնքն է: Ոնց են արել, ինչ են արել՝ մենք կոնկրետ էս դեպքում գնորդն ենք, օրենքի շրջանակներում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սարգիս Աղաբեկյանը:

Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ այս գործով դեռևս մեղադրյալներ չկան։

Ըստ քրեական գործի՝ 32 հեկտար հողատարածքը ժամանակին օտարվել է ավելի քան 2 միլիոն դրամով՝ էական վնաս պատճառելով Կարճևան համայնքին։

«ԷՍԻԷՅ» ընկերության հիմնադիր Սարգիս Աղաբեկյանն արդեն հարցաքննվել է։ «Ազատության» հետ զրույցում նա պնդում է՝ հույս ունի, որ իրավապահներն ի վերջո կպարզեն, թե ինչպես է ստացվել, որ տարիներ առաջ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, իրենց «Սյունիք» տնտեսական գոտի ձևավորելու թույլտվություն տալուց հետո թույլ է տվել ձևավորել մեկ այլ ազատ տնտեսական գոտի՝ Մեղրին․ - «Մենք, որպես կազմակերպիչ, պայմանագրից բխող գործառույթներ ենք իրականացրել, ներ ենք գրավել ներդրողների, ունեցել ենք պետության հետ պայմանավորվածություն, որ 25 տոկոս բաժնեմասը անհատույց տրվում է Հայաստանի Հանրապետությանը և 4 ամիս հետո՝ մեր գործարար ծրագրի վերելքի պայմաններում, երբ ունեցել ենք արդեն 10 միլիոն հստակ համաձայնագրով ամրագրված ներդրման հնարավորություն, ստեղծվում է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, այն էլ այն վայրում, որտեղ բաժանում է մեր հողատարածքը կամրջից, այսինքն խցանում են կամրջի հետ մեր մուտքը»:

Աղաբեկյանը պնդում է, որ այդ տարածքում ազատ տնտեսական գոտի ձևավորելու գաղափարն իրենցն էր, իրենք պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր գործարարների հետ, բայց կառավարության կողմից «Մեղրի» տնտեսական գոտու ձևավորումից հետո չեն կարողանում իրականացնել իրենց ծրագրերը։ Այս մասին նա նամակով տեղեկացրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ - «Մեր բերած ներդրողներին պետական մարմիններից ասում են՝ էնտեղ ոչ մի բան մի արեք: Ունեմ էլեկտրոնային գրություններ, երբ մեր իրանցի գործընկերները ասում են՝ մեզ այսինչ պաշտոնյայի մոտ ասում են ոչ մի բան մի արեք: Դա 17 թվին է եղել՝ նախկին իշխանության ժամանակ»:

Մինչդեռ ըստ ոստիկանության հաղորդագրության, 2014թ. հուլիսին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահը, իր տեղակալի և այլ պաշտոնյաների հետ միասին Կարճևան համայնքի ղեկավարին մատնացույց են արել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքները, այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել է այդ տարածքները օտարել «ԷՍԻԷՅ» ընկերությանը։

Նշվում է նաև, որ ընկերության ղեկավարը գյուղապետի հետ պայմանավորվել է, որ աճուրդի օրը կապահովի նաև աճուրդին այլ անձի ձևական մասնակցությունը:

Ի դեպ, 2014-ին Կադաստրի ղեկավարը Մարտին Սարգսյանն էր, ով այժմ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է:

Այս թեմային անցած շաբաթ իր ասուլիսի ընթացքում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ - «Այնտեղ պարզվեց, որ մի շարք հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շուրջ եղած ամբողջ հողերը սեփականաշնորհել են, իմանալով, որպես կառավարության ներկայացուցիչ, որ այդտեղ այդպիսի նախագիծ է իրականացվելու: Ընդ որում, սեփականաշնորհել են ծիծաղելի գներով»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության խոսնակ Աննա Օհանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտում այժմ չեն կարողանում շարունակել գործունեությունը, քանի որ քրեական գործ է հարուցվել: Այլ մանրամասներ Օհանյանը չհրապարակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG