Սարի լանջին՝ 2300 մետր բարձրության վրա կառուցված «Գեղարոտ» ՀԷԿ-ի շահագործման շուրջ բարձրացած աղմուկը գնալով մեծանում է․ չնայած էլեկտրակայանի գործունեության ժամանակավոր կասեցման պայմանավորվածությանը, ՀԷԿ-ի գեներատորները երեկ կրկին միացրել-անջատել են։
Մոտակա համայնքների բնակիչները շարունակում են պնդել՝ ՀԷԿ-ի գործունեության հետևանքով Գեղարոտ գետի ջուրը ժանգոտում է:
«Ասում են՝ ջուրը մաքուրա: ՀԷԿ-ի ակունքից վերցնում ենք, ասում ենք՝ դե էս ջուրը խմի, խմելն ու տեղնուտեղը մնալը մեկ կլինի, եթե ՀԷԿ-երը նորից աշխատեն, մենք էս տարի էլ բերք չենք վերցնելու», - «Ազատության» հետ զրույցում պատմում էր նրանցից մեկը:
2010-ից գործող «Գեղարոտ» և «Արագած 1» ՀԷԿ-երը մարզպետարանի հետ պայմանավորվածության համաձայն ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքները, քանի դեռ բնակիչների՝ գետի աղտոտվածության մասին հայտարարությունները չեն ուսումնասիրվել: Շաբաթներ առաջ վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել՝ իրավիճակին իրավական գնահատական տալու համար, փորձագիտական խումբը փորձել էր ակունքից նմուշ վերցնել, սակայն գյուղացիները թույլ չէին տվել նրանց աշխատել:
Արաքս գյուղի բնակիչ Գերասիմ Սարգսյանը պարզաբանում է՝ ինչու են խոչընդոտել․ - «Հիմա էն սեզոննա, որ ձնհալի ջուրը չի գալիս: Էդ ծծումբը, ժանգը սառած են, չեն կարա վերցնեն: Թող հալվի ձյունը, հուլիսին գան, իհարկե կթողնենք՝ մենք կտանենք ակունքի ջուրը կտանք իրենց»:
Գյուղացիները հույս են հայտնում, որ միջգերատեսչական հանձնաժողովն անկախ է գործելու, ասում են՝ տարիների ընթացքում ՀԷԿ-ի սեփականատեր Էդիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ բազմաթիվ այսպիսի ստուգումներ են եղել:
Հարակից Շենավան գյուղի բնակիչ Տարոն Գրիգորյանն առաջարկում հանձնաժողովում ներառել նաև իրենց ներկայացուցիչներին: - «Ինչ որ ներկայացուցիչ թող լինի էլի, ժողովրդից, թե չէ էդպիսի հանձնաժողովներ էլի եղել են, կարողա նույնն ա», - ասում է նա:
Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը համաձայն է բնակիչների հետ․ - «Կարծում եմ, որ տրամաբանական է իրենց ասածը, հիմա եղանակային պայմաններն այնպիսին են, որ նմուշ վերցնել չի լինի, ակունքը հասնում է Արագած լեռան խառնարանի մոտ, էնտեղ հիմա ձյան շերտն էնպիսին է, որ հնարավոր չէ փորձանմուշ վերցնել»:
Բնակիչները վստահեցնում են՝ ՀԷԿ-երի շահագործման դեպքում պատրաստ են դիմել ցանկացած քայլի, ասում են՝ խնդիրը կարող է լուծել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միևնույն ժամանակ, ՀԷԿ-ի սեփականատեր Էդիկ Գրիգորյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել մարզպետ Դավիթ Գևորգյանի դեմ՝ չաշխատած ամիսների համար փոխհատուցման պահանջով։