Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը բավարարեց Վրաստանի 19 քաղաքացիների հայցն ընդդեմ Ռուսաստանի


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց Վրաստանի 19 քաղաքացիների հայցն ընդդեմ Ռուսաստանի` մոսկովյան իշխանություններից պահանջելով հայցվորներից յուրաքանչյուրին պատկառելի մի գումար վճարել:

Փոխհատուցման չափը տատանվում է 2 հազարից 15 հազար եվրոյի միջակայքում:

«Բերձենիվշիլին և մյուսները ընդդեմ Ռուսաստանի» հայցադիմումը ներկայացվել էր Վրաստանի մի խումբ քաղաքացիների կողմից, որոնք Ռուսաստանի Դաշնության տարածքից արտաքսվել էին 2006-ի աշնանը` Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների հերթական վատթարացման ժամանակահատվածում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած վճռի համաձայն, ավելի քան 4000 Վրաստանի քաղաքացիների կամայական արտաքսման ընթացքում Ռուսաստանի իշխանությունները խախտել էին Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի մի շարք դրույթներ` այդ թվում խմբակային արտաքսման և անօրինական կալանքի արգելքները:

Վրաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Բեկի Ձամաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում նշել է․ - «Այսօր հրապարակված դատավճիռը ուժի մեջ կմտնի երեք ամսից: Այդ ժամկետի ավարտին Ռուսաստանը պարտավոր է լինելու փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցել հայցադիմումում նշված կոնկրետ անձանց հաշվեհամարներին»:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկու համոզմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը ոչ միայն իրավական, այլև խորհրդանշական շատ լուրջ նշանակություն ունի Թբիլիսիի համար․ - «Սա փոքրիկ Վրաստանի հաղթանակն է` նախևառաջ իրավական դաշտում: Կարծում եմ, որ այս վճռի շնորհիվ ամրապնդվեցին նաև Վրաստանի դիրքերը Հաագայի քրեական դատարանում: Դա նշանակում է, որ մեր երկիրը նման քաղաքական պայքարի ռեսուրսի տիրապետում է:Հիմնականում դա հնարավոր է դարձել գործող իշխանությունների շնորհիվ»:

Հինգ տարի առաջ` 2014-ի ամռանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Վրաստանի միջպետական հայցն ընդդեմ Ռուսաստանի, իսկ ՄԻԵԴ Մեծ պալատը այս տարվա հունվարին այդ վճռի շրջանակներում պարտավորեցրել էր Ռուսաստանի իշխանություններին փոխհատուցում վճարել 2006-ին արտաքսված Վրաստանի 1500 քաղաքացիների: Փոխհատուցման ընդհանուր ծավալը այս հայցի շրջանակներում կազմել էր 10 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG