Մատչելիության հղումներ

Տնտեսական հին մոդելով «Կառավարությունը յուրաքանչյուր բիզնեսի մեջ օրթաղ է». Փաշինյան


Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է և այդ տնտեսական հեղափոխությունը հաղթելու է նույն կերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը, Ազգային ժողովում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Հետհեղափոխական կառավարության տասը ամսվա աշխատանքի վերաբերյալ ընդդիմախոսների պնդումներին, թե ոչինչ չի արվել, Փաշինյանն արձագանքեց՝ նախկին իշխանության բարքերը հիշեցնելով. ֊ «Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը տնտեսական քաղաքականության հին և նոր մոդելների մասին է: Ո՞րն է այդ հին մոդելի էությունը: Հին մոդելի էությունն այն է, որ կառավարությունը յուրաքանչյուր բիզնեսի մեջ, կներեք այս բառիս համար, օրթախ է: Մենք ի սկզբանե ոչ թե հրաժարվել ենք այդ մոդելից, այլ հայտարարել ենք, որ նման մոդելով չենք կարող աշխատել, որովհետև դա իհարկե հակասում է հենց մեր իսկ քաղաքականության ծագումնաբանությանը: Եկեք չմոռանանք, որ մեր պայքարը և հեղափոխությունը դեմ է եղել ոչ միայն քաղաքական մոդելին, այլ տնտեսական մոդելի դեմ: Թույլ տվեք ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսագիտական միտքն իր 90 տոկոսով 20 տարվա ընթացքում ադապտացվել է այդ մոդելին, որովհետև ուրիշ հարթության խոսակցություն, կներեք, իրենք չեն հասկանում, իրենք չեն ընկալում ինչպես կարող է այդպես չլինել, ինչպես կարող է առանց վարչապետի դաբրոյի երկրում ներդրում տեղի ունենալ»:

Վարչապետը թվերով ներկայացրեց՝ որ ոլորտներում ինչ արդյունք են արձանագրել և ինչ են ակնկալում․ - «Հիմա մենք արձանագրում ենք, որ 2018 թվականի մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն: Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս՝ նախկին 57 տոկոսի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս, նախկին 51 տոկոսի փոխարեն»:

Գործադիրի ղեկավարի զեկույցին հաջորդեց հարցուպատասխանը: Շաքարավազի ներկրման մենաշնորհի դեմ պայքարի արդյունքից դժգոհ է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ըստ նրա՝ այդ ցուցանիշը վկայում է մենաշնորհի առկայության մասին․ - «Երբ որ ասում եք՝ 95 տոկոսից 78 տոկոս է շաքարի մենաշնորհը իջել, բայց պարոն վարչապետ՝ ես ու Դուք գիտենք, որ 78 տոկոսը դա բացարձակ մենաշնորհ է: Եվ տարվա վերջին այս թվերից որևէ մեկը այլևս պետք է չլինի 50 տոկոսից բարձր»:

«Մենաշնորհի հետ կապված՝ արդյոք կարծում եմ, որ այդ 78 տոկոսը գերիշխող է և մենաշնորհի նման է․ այո՛, կարծում եմ: Բայց ես ասում եմ մի քանի ամսվա մեջ տեղի ունեցող փոփոխությունը: Դե եկեք նայենք․ 75 տնտեսվարող այսօր շաքարավազ է ներկրում: Եվ հիմա պարզ է, որ այն մենաշնորհ ունեցող ընկերությունը նաև որոշակի առավելություն ունի: Մենք ընտրություն ունենք՝ գնանք, մտնենք էդ ընկերությունը, տանք ջարդուփշուր անենք, թե մենք շուկայում ընենց անենք, որ էդ ընկերությունն էլ շարունակի աշխատել, բայց ինքը իր ունեցած առավելությունից զրկվի և գա հավասար դաշտ», - արձագանքեց Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը սպառողական վարկերի աճի ցուցանիշով էր մտահոգ: - «Ինչո՞վ է սա բացատրվում, եթե հիպոթեքային վարկերի աճը դիտարկվում է բարեկեցության ցուցանիշ», - վարչապետին դիմեց ընդդիմադիր պատգամավորը:

«Ես դրան միայն մի պատասխան ունեմ՝ լավատեսություն», - արձագանքեց Փաշինյանը: - «Ես սպառողական վարկերի մասը ինչո՞ւ չշեշտեցի, և ինչո՞ւ եմ հիպոթեքայինը շեշտում, որովհետև հիպոթեքը նշանակում է կապիտալ ներդրումների աճ: Իսկ սպառողական վարկերի աճի տոկոսը միշտ ունի մի բացատրություն՝ դա սպառողի տրամադրությունն է արտահայտում, թե սպառողն ինչ տրամադրություն ունի: Օրինակ՝ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ մենք վարկով ենք առել: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի չորս տարի առաջ ենք գնել», - անկեղծացավ վարչապետը:

«Հենց այդ նույն տրամաբանությամբ ես այն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, այն էլ ինձ ապառիկ չտվեցին՝ հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին», - միջամտեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Դահլիճում ներկաները ծիծաղով ու ծափերով ողջունեցին ԱԺ խոսնակի հայտարարությունը:

Գործադիրի ղեկավարը խոսեց նաև աշխատավարձերի բարձրացման մասին: Ասաց՝ մտադիր են 2019 թվականի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերի 1-ից նույն չափով ուսուցիչներինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG