Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը շարունակում է քննադատել Թրամփի՝ Գոլանի բարձունքներին վերաբերող որոշումը


Միջազգային հանրությունը շարունակում է խստորեն քննադատել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Այս առումով միակարծիք են բոլորը` Եվրամիության ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներից մինչև Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչվող «Հեզբոլա» շարժումը: Թե՛ արևմտյան և թե՛ տարածաշրջանային դերակատարների համոզմամբ, Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջագզային իրավունքի նորմերին և ապակայունացնում է Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ իրադրությունը:

«Գոլանի բարձունքների վերաբերյալ մեր տեսակետը շատ հստակ է: Այն արտահայտված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված բանաձևերում», - հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Եվրամիության ներկայացուցիչները ևս ընդդիմանում են Վաշինգտոնի որոշմանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ եվրոպական հինգ պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լեհաստանի և Գերմանիայի միասնական տեսակետը երեքշաբթի երեկոյան ներկայացրեց կազմակերպությունում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Պեկստեն դե Բույտսվերվեն․ - «Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ մեր տեսակետը քաջ հայտնի է, և մենք ցանկանում ենք հստակորեն նշել, որ այն անփոփոխ է: Հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 242 և 497 բանաձևերի վրա՝ մենք չենք ճանաչում Իսրայելի ինքնիշխան իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ, որոնք օկուպացվել են 1967 թվականի հունիսին: Մենք չենք դիտարկում այս տարածքը որպես Իսրայելի մաս»:

Միացյալ Նահանգների նախագահի որոշման հետևանքով կրկին թեժացան կրքերը Մերձավոր Արևելքում: Լիբանանում գործող և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» շարժման ղեկավար շեյխ Հասան Նասրալան երեքշաբթի երեկոյան «Ալ Մանար» հեռուստաընկերությամբ կողմնակիցներին դիմել է հատուկ ուղերձով․ - «Անհնարին է, որ Իսրայելին բացահայտ աջակցություն ցուցաբերող պետությունը նաև խաղաղ գործընթացի հովանավոր հանդիսանա, բանակցությունների ընթացքում ներկայանա որպես անաչառ միջնորդ: Ակնհայտ է, որ երբ միջազգային կառույցները և միջազգային իրավունքի նորմերը չեն կարողանում ծառայեցվել Միացյալ Նահանգների շահերին, դրանք պարզապես անտեսվում են: Այսպես կոչված միջազգային հանրությունն էլ ի վիճակի չէ պաշտպանել մարդկանց իրավունքները: Մենք դա տեսնում ենք այսօր Գոլանի բարձունքների, իսկ ավելի վաղ տեսանք նաև Երուսաղեմի պարագայում»:

Գոլանի բարձունքների խնդրում «Հեզբոլայի» տեսակետը ամբողջությամբ համընկնում է պաշտոնական Բեյրութի մոտեցմանը: Վերջինի տեսակետը ներկայացրեց պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունը․ - «Ցավոք սրտի, մենք լսեցինք Գոլանի բարձունքները` Իսրայելին կցելու մասին լուրը: Այս քայլը հակասում է ՄԱԿ-ի ստեղծման օրվանից ընդունված բոլոր բանաձևերի դրույթներին»:

Արևմտյան վերլուծաբանները, սակայն, խորհուրդ են տալիս չանտեսել նաև Գոլանի բարձունքների շուրջ վերջին զարգացումների ներքաղաքական բաղադրիչը. խոսքը Իսրայելի ներքաղաքական զարգացումների, մասնավորաբար ապրիլի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է:

«Նեթանյահուն ընտրություններում մրցակցում է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի հետ: Վերջին հարցումների համաձայն, Գանցի ղեկավարած «Կապույտ-սպիտակ» կոչվող դաշինքի վարկանիշը ավելի բարձր է, քան իշխող Լիկուդինը: Թրամփի` Գոլանի վերաբերյալ որոշումը, սակայն, միանշանակորեն կմեծացնի Նեթանյահուի վերընտրության շանսերը», - գրում է ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG