Մատչելիության հղումներ

Արաքս գյուղում աշխատող տաջիկները Հայաստանում «գերի են մնացել»


Սահմանամերձ Արաքս գյուղում աշխատող տաջիկները պնդում են՝ Հայաստանում գերի են մնացել, անցյալ տարվա մայիսից այստեղ բամբակ են աճեցրել, բայց մնացել են առանց աշխատավարձի:

«Լավ սկսել էինք, մեզ պատշաճ դիմավորեցին, ասացին շնորհակալություն, որ եկել եք մեզ օգնելու բամբակ աճեցնել և սկսեցինք աշխատել։ Լավ հարաբերություններ ունեինք, 3 ամիս աշխատավարձ ստացանք՝ ընդհանուր 1500 դոլար, մնացածը մինչ այսօր չենք ստացել», ֊ պատմում է Մեհմադալի Բոքիևը։

Տաջիկստանի քաղաքացիները Հայաստանում են գործարար Գագիկ Խաչիկյանի հրավերով, որը հայ֊թուրքական սահմանամերձ Արաքս գյուղի այս հատվածում բամբակի արտադրություն է հիմնել։ Նրանց հրավիրել են նախ և առաջ տեղացիներին բամբակի աճեցման գործը սովորեցնելու համար։ 61-ամյա Բոքիևի խոսքով՝ իր ընտանիքն առանց իրեն ապրել այլևս չի կարողանում, 9 երեխա ունի, որոնք խանութներից պարտքով վերցրած մթերքով են սնվում. ֊ «Երեխաներս հիմա լավ չեն սնվում, մարդավարի հաց չեն ուտում, ծնողներս 85 տարեկան են նրանք էլ ամեն օր զանգում հարցնում են, թե երբ եմ գալու։ Խանութներից էլ ամեն օր զանգում, պահանջում են, հարցնում են՝ այս հարցերը երբ ես լուծելու։ Մեր փողերը թող տա՝ գնանք մեր ընտանիքների մոտ»։

9 երեխա ունի նաև 65-ամյա Աբդուլլո Հայրուլլոն։ Նրա ընտանիքը նույնպես պարտքով է գոյատևում։ Վստահեցնում է՝ մինչև դեկտեմբեր գործատուն ինչ ասել է՝ պարտաճանաչ կատարել են․ ֊ «Նա էլ գոհ էր, նորմալ նստում զրուցում էինք։ Դեկտեմբերի վերջին այսպիսի իրավիճակ ստեղծվեց ՝ ամեն օր ասում է հաջորդ օրը կլինի, երբեք չի ասել, որ չի տալու»։

Աբդուլլոյի խոսքով՝ ինքը և չորս գործընկերները Հայաստանում գերի են մնացել, ծնողները խնդրում են թողնել ամեն ինչ և վերադառնալ, սակայն առանց փող հայրենիք մեկնել չի պատրաստվում։ Գործատուի հետ ունեցած խնդրին զուգահեռ առիթը բաց չի թողնում նկատելու, որ այս ամիսների ընթացքում տեղացիներին իրենց լավ են վերաբերվել. ֊ «Մարդիկ մեզ հարազատի նման են վերաբերվում,հարգանք կա, իրար հյուր ենք գնում, ասես հայրենիքում ենք։ Ուղղակի մենք այնտեղ երեխաներ ունենք, հիվանդ ծնողներ»։

Հուսահատ աշխատանքային միգրանտը դիմում է Հայաստանի իշխանություններին՝ օժանդակության ակնկալիքով. ֊ «Բոլորիս անունից Հայաստանի իշխանություններին խնդրում եմ, որ մեզ օգնեն։ Գալով մտածում էինք, որ այստեղ հեղափոխություն է եղել, ամենի ինչ լավ է լինելու։ Պարզվեց այստեղ կրկին թյուրիմացություն է եղել, շատ բան չենք ուզում՝ մեր աշխատավարձը տվեք»։

Մինչդեռ Գագիկ Խաչիկյանի ղեկավարած «Ուզբեկ Տեքստիլ գրուպի» հաշվապահ Լուսինե Աղլամազյանը հերքում է մեղադրանքները, պնդելով՝ տաջիկներն իրենց գործը չեն արել. ֊ «Հրաժարվեցին մասնակցել, չհասկացանք՝ իրանց էդ միտումը որտեղի՞ց էր այդ պահին գալիս, որ հրաժարվում էին աշխատել։ Բայց հիմա էլ հասկանում ենք իրանց էս կազմակերպվող բողոքի ակցիայից՝ փաստորեն պարապուրդային վճար են ստանում։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունը ունի կարգավորված աշխատանքային օրենսդրությունում այդպիսի կետ, որ չաշխատավարձ կա, եկեք մենք էլ մասնակցենք այդ ծրագրին և չաշխատավարձ ստանանք»։

Ի դեպ, գործատուի պնդմամբ՝ այս ողջ ընթացքում հոգացել է տաջիկների կեցության և սննդի ծախսերը։ Հաշվապահի խոսքով, օրական ավելի քան 20 հազար դրամի ծախս են անում տաջիկներին պահելու համար, իսկ իրենց պարտքը իրականում շատ ավելի քիչ է, քան օտարերկրացիների ներկայացրած 15 հազար դոլարը: Հաշվապահը վստահեցնում է՝ արտասահմանցիները կստանան իրենց գումարները միմիայն աշխատանքներն ավարտելուց հետո։

Այս պահին Տաջիկստանի քաղաքացիների 12 հոգանոց խմբից Հայաստանում են մնացել 5֊ը, մյուսները վերադարձել են հայրենիք՝ առանց գումարը ստանալու: Դատախազության մամուլի ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել՝ շահագործման փաստի առթիվ, գործն այժմ նախաքննության փուլում է։

Գագիկ Խաչիկյանը «Ազատության» այն հարցին, թե չի՞ վախենում պատասխանատվությունից, արձագանքեց՝ իրավապահների գործողություններն իրեն ընդհանրապես չեն անհանգստացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG